Մատչելիության հղումներ

«Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով», - ասում է Փաշինյանը. Հաջիևը կրկնում է իր պնդումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Վարչապետն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե «անիմաստ» է համարում Գանձասարի հայկականության թեմայով քննարկումները և «նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին»։ Արձագանքելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակացության պատգամավոր Լենա Մաթևոսյանին, ով հորդորել էր վարչապետին «մոտենալ ամբիոնին ու ասել, որ Գանձասարը հայկական է», Փաշինյանը պնդեց՝ այդ հարցի պատասխանը տրվել է Մատենադարանի տնօրենի միջոցով։

«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի, կամ դրանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք էդ մատյանին և բնագրերին: Եվ Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առայսօր չէր արձագանքել Հաջիևի պնդումներին ու ծաղրական հայտարարություններին:

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետների ուղեկցել էր Լեռնային Ղարաբաղ, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Այցը կազմակերպվել էր անկախ փորձագետների ահազանգից հետո, թե Ադրբեջանը քանդել է Շուշիի արևելյան գերեզմանոցի պատմական տապանաքարերն ու 12-13-րդ դարերի խաչքարերը։

Մատենադարանի տնօրենը պարզաբանել էր՝ որևէ հնագույն ձեռագրի բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար, քանի որ այնտեղ անվտանգության և պահպանման համակարգ չի եղել:

Ալեն Սիմոնյան․ «Մենք չենք խոսում՝ ով է սխալ, ով՝ ճիշտ»

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը այսօր ավելի վաղ հայտարարեց, թե Գանձասարի դեպքերից հետո զրուցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Հարցին՝ արդյոք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդունե՞լ է, որ սխալ էր, Սիմոնյանը պատասխանեց. - «Կա իրենց տեսակետը, կա մեր տեսակետը: Իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները չբերել, բախեցնել մեկը մյուսին»։

Անվտանգության խորհրդի քարտուղարը զրույցից այլ մանրամասներ չբացահայտեց, միայն ասաց՝ ինքն ու Հաջիևը գրեթե երկու օրը մեկ խոսում են, և ինքն իր մտահոգություններն է բարձաձայնում. - «Ես նաև ուրիշ մտահոգություն էի արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ նման դեպքերը չխանգարեն [խաղաղության] պրոցեսին»:

Սիմոնյանը նոր պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ Հաջևին հանդիպել էր Բիշքեկում՝ այս ամսվա սկզբին: Երկու պաշտոնյաների բանակցությունները հաջորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Այդ հանդիպումից երկու շաբաթ անց Հաջիևը ոչ միայն աղվանական էր հռչակել հայկական միջնադարյան եկեղեցիները, այլև Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ: Բացելով գրքերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները ծիծաղով էին արձագանքել:

«Ձեզ թվում է, որ մենք մտնենք էդ խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու: Այսինքն մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված: Մեր ինքնությունն ու խաղաղությունը իրար հետ հակադրելը ճիշտ չէ: Կարող եմ հիմա էնպես պատասխանել, սաղդ ասեք՝ «ուխխխ», բայց էսքան բաղձալի խաղաղությանը դա օգուտ չի տալիս», - այսօր արձագանքեց Սիմոնյանը:

Ընդհանուր առմամբ Անվտանգության խորհրդի քարտուղարը զերծ մնաց Հաջիևի՝ մեծ աղմուկ բարձրացրած պնդումներին քաղաքական գնահատական տալուց. - «Բացի նրանից, որ պարոն Ռուբինյանն է ասել, պարոն Միրզոյանն է ասել, ես քաղաքական առումով որևիցե բան չեմ ասելու»:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շաբաթասկզբին ադրբեջանցի պաշտոնյայի պնդումները որակել էր «անհիմն», արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ օր հղում էր արել այդ գնահատականին։

Հայկական կողմի քննադատությունից հետո Հաջիևը կրկնեց խոսույթը

Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումին մասնակցող Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կրկին պնդել է, թե Ղարաբաղում առկա են «Կովկասյան Ալբանիայի [Աղվանքի] հարուստ քրիստոնեական ժառանգության հետքեր»:

«Իմ երկիրը քրիստոնեության առաջին վայրերից մեկն է: 4-րդ դարում քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունվեց Ալբանիայի թագավորության կողմից: Ի դեպ, այն չպետք է շփոթել բալկանյան Ալբանիայի հետ. դա այն թագավորության անվանումն էր, որը հիմնադրվել էր Ադրբեջանի տարածքում: Ղարաբաղում մենք ունենք ամենաուժեղ հետքը: Ցավոք, տարիների ընթացքում այն ենթարկվել է կեղծման, եկեղեցիների ճարտարապետության փոփոխման և այլն, և դա չպետք է լիներ այդպես», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ հրապարակած տեսանյութում ոչ մի բառ չասելով Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության մասին:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան մեդիաֆորումի մասնակիցներին վստահեցրել է, թե ներկայումս Ադրբեջանում կողք-կողքի գործում են մզկիթներ, եկեղեցիներ և սինագոգներ: Նա, ինչպես երեկ նախագահ Ալիևը, պնդել է, թե «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում օկուպացիայի տարիների ընթացքում մզկիթները, իսլամական մշակութային ժառանգությունը հայերի կողմից ենթարկվել են ամբողջական ավերման»:

Մինչ անկախ հետազոտողները վերջին տարիներին փաստագրել են Արցախում Ադրբեջանի իշխանության կողմից հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, գերեզմանատների, խաչքարերի, հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքեր, այսօր Ալիևի օգնականը Դուբայում պնդել է, թե Բաքուն «պահպանում է ողջ մշակութային, այդ թվում՝ քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքում՝ անկախ դավանանքից ու պատկանելությունից»:

Ընդդիմությունը դժգոհ է. «Ինչքան չես արձագանքում, այնքան հակահարվածը ավելի ուժեղ է լինում»

Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, կարծում է, որ իշխանությունը պատշաճ չի արձագանքել Բաքվին:

«Երբ միջազգային տարբեր դերակատարների ներկայությամբ հայտարարվում է, որ Գանձասարը աղվանական է, ես ակնկալում եմ, որ որևէ հայտարարություն Հայաստանից կգնա։ Ինչո՞ւ չեն արձագանքում, շատ պարզ պատճառ կա, որ ադրբեջանցիներն ուղղակի բռնել են Նիկոլ Փաշինյանի կոկորդից, ստիպում են իրականացնել բոլոր հնարավոր զիջումները Հայաստանի Հանրապետությունում», - լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ այս քաղաքականության միակ նպատակը «հնարավորինս երկար սեփական աթոռին մնալն է». - «Եվ եթե դրա գինն է բառ անգամ չարձագանքել մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, հենց այդ գինն է, որ վճարում են»:

Երկուշաբթի օրը Հայաստանի փոխարտգործնախարարի ուղեկցությամբ Մատենադարան էր այցելել Բաքվից Երևան ժամանած Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով հայտարարեց, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Մատենադարանում, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2026թ.
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Մատենադարանում, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2026թ.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG