Մատչելիության հղումներ

Գրոնոն Երևանում շփվել է Արցախից տեղահանվածների հետ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն և Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Մատենադարանում, 14-ը սեպտեմբերի, 2026թ.
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն և Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Մատենադարանում, 14-ը սեպտեմբերի, 2026թ.

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Հայաստան կատարած այցը, հայտնել է, որ Երևանում հնարավորություն է ունեցել շփվելու Ղարաբաղից տեղահանված հայերի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ և լսել նրանց մտահոգությունները: Արցախցիների հետ հանդիպումից մանրամասներ դիվանագետը չի ներկայացրել:

Գրոնոն նշել է նաև, որ խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագիտական համայնքի հետ։

«Շնորհակալ եմ Հայաստանում հերթական պարբերական խորհրդակցությունների համար՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տեղակալ Վահան Կոստանյանի և փորձագիտական համայնքի հետ», - X-ում գրել է Գրոնոն:

Բաքվից Երևան ժամանած Մագդալենա Գրոնոն երեկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ էր Մատենադարան այցելել:

Ադրբեջանում ունեցած հանդիպումներն ամփոփելիս՝ Գրոնոն, ով մյուս օտարերկրացի դիվանագետների հետ եղել էր Գանձասարում ու Դադիվանքում, X-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Այս մեկնաբանությունը վրդովմունք էր առաջացրել Հայաստանում, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ պնդել էին, թե Գրոնոն «լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակությային ժառանգության ոչնչացումը»:

Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում հայտարարեց, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»: Այսօր էլ գրել է, թե Մատենադարանում հնարավորություն է ունեցել սեփական աչքերով տեսնել այդ թվում նախկին հակամարտության գոտում հայկական մշակութային ժառանգության բացառիկ հարուստ պատմական հետքը: «Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին», - ամփոփել է Մագդալենա Գրոնոն:

XS
SM
MD
LG