Մատչելիության հղումներ

«Անհրաժեշտ քայլերն արվել են». արտգործնախարարը՝ Գանձասարի մասին

Գանձասարի վանական համալիրը, արխիվ
Գանձասարի վանական համալիրը, արխիվ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո:

Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ: Բացելով հին ձեռագրերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները արձագանքել էին ծիծաղով:

Մատենադարանի տնօրենը երեկ «Ազատությանը» պարզաբանել էր, որ որևէ հնագույն ձեռագրի բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով, որ այնտեղ ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգ չի եղել:

Այսօր արդեն պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասաց. - «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»,- հավելեց նախարարը:

Երեկ փոխարտգործնախարարի ուղեկցությամբ Մատենադարան էր այցելել Բաքվից Երևան ժամանած Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Ադրբեջանում ունեցած հանդիպումներն ամփոփելիս՝ Գրոնոն, ով մյուս օտարերկրացի դիվանագետների հետ եղել էր և՛ Գանձասարում, և՛ Դադիվանքում, X-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Այս մեկնաբանությունը վրդովմունք էր առաջացրել Հայաստանում, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ պնդել էին, թե Գրոնոն «լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակությային ժառանգության ոչնչացումը»:

Ավելի ուշ եվրոպացի դիվանագետը Երևանում հայտարարեց, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:

Արտգործնախարար Միրզոյանն այսօր չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկման հետ, թե պաշտոնական Երևանի քայլերը «պատշաճ և բավարար չէին»: Իսկ արդյոք կառուցողակա՞ն է համարում Բաքվի գործողությունները. այս հարցին էլ պատասխանելիս՝ արտաքին գերատեսչության ղեկավարը հղում արեց Ազգային ժողովի նախագահի երեկվա մեկնաբանությանը. - «ԱԺ նախագահը շատ դիպուկ ասաց՝ այո, իհարկե, ակնհայտ է, որ սա հաստատված խաղաղությունը չի ամրապնդում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ... գուցե հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի վերաբերյալ»:

«Նման բաները ջուր են լցում այդ ջրաղացին»,- ամփոփեց արտգործնախարարը:

Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։

Ի դեպ, Երևանի արձագանքի մասին լրագրողների հարցերն այսօր բարկացրին խորհրդարանի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին. - «Սա բազար չէ, պետություն է»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ պնդելով, թե Գանձասարում տեղի ունեցածին արձագանք տրվել է:

«Հայաստանի Հանրապետության կառույցները՝ ԱԺ-ն, կառավարությունը ... մնացածը հո՞ ռեզոլուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի անհիմն հայտարարության համար, որքան էլ դա անհիմն լինի», - վրդովվեց խորհրդարանի փոխխոսնակը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG