Մատչելիության հղումներ

Հաջիևի «դատարկ էջերը» և Գանձասարի տապանաքարի հայերեն վկայությունը

Լրացված
Գանձասարի վանական համալիրը, արխիվ
Գանձասարի վանական համալիրը, արխիվ

ԱԳՆ-ը լուռ է

Ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մինչ այս պահը չեն արձագանքել նախօրեին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի Գանձասարում արված պնդումներին և հայ ժողովրդին ծաղրող մեկնաբանություններին:

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ նախօրեին այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդելով, որ այն ոչ թե հայկական, այլ աղվանական է:

Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ծաղրել է հայերին:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում դիվանագետներին պատմում էր, թե հայերը այստեղ հին գրքերի ցուցադրություն են կազմակերպել: Ապա բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

«Սա հին քրիստոնեական գիրք է, բացում եմ այն, միայն մեկ էջը... մնացածը դատարկ է: Եվ սա քրիստոնեական ժառանգությունն է, ինչը դուք կարող եք տեսնել ...», - ասել է Հաջիևը:

Ադրբեջանցի գիդը չի կարողանում կարդալ տապանաքարի հայերեն գրությունը

Ի դեպ, Գանձասար այցի ընթացքում ադրբեջանցի գիդը, օտարերկրյա դիվանագետներին փորձում էր բացատրել, թե ինչու են Գանձասարի եկեղեցու պատուհանները բարձրադիր, Հիքմեթ Հաջիևն էլ արձանագրում էր, որ ի տարբերություն այլ քրիստոնեական եկեղեցիների, Գանձասարը չունի ճոխ դեկորացիաներ: Ապա նրանք մոտենում են Հասան Ջալալյան տոհմի 1431 թվագրվող մարմարե տապանաքարին, որի վրա հայերեն տառերով գրվածք է երևում:

Ադրբեջանցի գիդը արդարանում է, թե դժբախտաբար չի կարող կարդալ ինչ է գրված տապանաքարին: Որևէ մեկի մոտ, սակայն, հարց չի առաջանում է, թե ո՞ր լեզվով է գրառումը: Փոխարենը դիվանագետներից մեկին հետաքրքրում էր քարի տեսակը:

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, մինչդեռ, հայերեն կարդալ չիմացողների համար բացատրում է՝ Գանձասարի 1431-ին թվագրվող Հասան Ջալալյանի տոհմի իշխաններից մեկի մարմարե տապանաքարին հայերենով գրված է՝ «Այս է հանգիստ Մեծին Ջալալին. աղօթս յիշեցէ՛ք»:

«Հաջիևը մանիպուլյացիա է անում». Գանձասարից արժեքավոր գրքերը տեղափոխվել են դեռևս 44-օրյայի ժամանակ

Ազգությամբ հայ Հասան Ջալալյանին աղվան համարելու և հայկական ձեռագիր մատյանների մակետները «մշակութային ժառանգության դատարկ էջեր» ներկայացնելու Հաջիևի փորձերը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը պարզ «մանիպուլյացիա» է որակում:

Արցախցի նախկին պաշտոնյան նշում է, որ Գանձասարի Մատենադարանը, որ Հայաստանի Մատենադարանի մասնաճյուղն էր, իր տնօրինության տակ գտնվող արժեքավոր գրքերը ապահով վայր էր տեղափոխել դեռևս 2020 -ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցասրահում մնացել էին միայն ձեռագրերի մակետները, իսկ մշակութային արժեքները դուրս էին բերվել:

«Հաջիևի ցուցադրությունը հերթական մանիպուլյացիան է: Ինչ վերաբերում է դրանց վրա ծիծաղող դիվանագետներին, ապա նրանք շատ լավ հասկանում էին, շատ լավ գիտեին ինչ է տեղի ունեցել: Իրենց ուղղակի պետք էր հավատալ՝ հավատում են», - ասաց Հովհաննիսյանը:

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրեն

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», - Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին իր հերթին հակադարձում է Երևանի Մատենադարանի տնօրենը:

Արա Խզմալյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ որևէ հնագույն ձեռագրի բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:

Ի դեպ՝ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադարանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»:

«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենադարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», - «Ազատությանը» փոխանցեց Արա Խզմալյանը:

Քաղհասարակությունը դատապարտել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մի քան տասնյակ երկրների ավելի քան 150 դիվանագետների համար Ադրբեջանի իշխանությունների կազմակերպված միջոցառմանը նախօրեին մասնակցում էր նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն:

Ավելին, այցից հետո նա գրել է, թե «կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Եվրոպացի պաշտոնյայի այս գրառումը, սուր քննադատության է արժանացել հայաստանյան հանրության շրջանում: Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերություններ իրենց մտահոգությունն են հայտնել հատկապես Եվրամիության հատուկ ներկայացուցիչի գրառման վերաբերյալ, նշելով, որ նա լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Մագդալենա Գրոնոն Մատենադարանում անձամբ է ծանոթացել հնագույն ձեռնագրերին

Հաջիևի ցուցադրած գրքի դատարկ էջերին ծանոթանալուց հետո, Բաքվից Երևան ժամանած Մագդալենա Գրոնոն այսօր արդեն փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարանում անձամբ է ծանոթացել հայկական հնագույն ձեռագրերին ու դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին:

Այցի հետո եվրոպացի պաշտոնյան փորձել է խմբագրել նախօրեին արված իր խոսքերը, նշելով, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը»:

«Ես տեսա այդ ժառանգության իսկական գեղեցկությունն ու խորությունը և խորապես տպավորված եմ», - Մատենադարանում շրջելուց հետո ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Թեման քննարկվեց նաև խորհրդարանում

Թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ էլ հայկական մշակութային ժառանգության ցեղասպանություն է իրականացնում:

«Որքանո՞վ են այս քայլերը մոտեցնում խաղաղության հաստատմանը: Պատրաստվո՞ւմ եք հնչեցնել դիրքորոշում, որ Գանձասարը հայկական է: Ի վերջո հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է», - Ազգային ժողովի նախագահին հարցրել է Գրիգորյանը:

Ռուբեն Ռուբինյանն ասել է, թե նոր ձեռք բերած խաղաղությունը խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Հաջիևի՝ Գանձասարը աղվանական ներկայացնելուն, ապա Ռուբինյանը դրանք անհիմն որակեց:

«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում, օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- արձագանքել է Ազգային ժողովի նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն էլ Հայաստանի վարչապետից և արտգործնախարարից պահանջում է պաշտոնական հայտարարություն տարածել այն մասին, որ Գանձասարը հայկական է. - «Պահանջե՛ք Ադրբեջանից դադարեցնել այս պիղծ գործողությունները»:

Մարուքյանը նաև պահանջում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը Գանձասարում կազմակերպած միջոցառմանը մասնակցած բոլոր դեսպանատներին բողոքի նոտա հղի:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG