Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրոնական առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթաց է ընթանում՝ վստահություն հայտնելով, որ այդ խաղաղությունը երկարատև կլինի:
Միևնույն ժամանակ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե «65 մզկիթ ամբողջությամբ ավերվել է հայկական պետության կողմից, իսկ որոշները գտնվում էին կիսավեր վիճակում»։
«Դուք հավանաբար տեսել եք լուսանկարները. Հայաստանը դիտավորյալ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և կովեր է պահել մզկիթներում՝ մեզ վիրավորելու և նվաստացնելու համար։ Մենք երբեք չպետք է մոռանանք սա և չենք մոռանա, - ասել է Ալիևը՝ հավելելով, - Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, մենք երբեք չենք մոռանա մեր ավերված մզկիթները, մեր պղծված մշակութային կենտրոնները, և այս հիշողությունը մեզ ավելի զգոն կդարձնի: Այն թույլ չի տա, որ մենք կրկին խաբվենք քաղցր խոսքերով, թույլ չի տա մեր ժողովրդի դեմ ավելի նենգ ծրագրեր»։
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ օրերս Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդել, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ: Բացելով հին ձեռագրերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները արձագանքել էին ծիծաղով:
Ալիևը նաև նշել է՝ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում 48 քաղաքներ և գյուղեր արդեն բնակեցված են»։
«Ավելի քան 90,000 մարդ արդեն ապրում է իմ նշած քաղաքներում և գյուղերում։ Կյանքը վերադարձել է, և սա մեր մեծ նվաճումն է, պատմական։ Մեր ժողովուրդը 30 տարի ապրել է տառապանքի մեջ։ Եվ այսօր մենք ապրում ենք որպես հաղթական ազգ, որպես հաղթական պետություն», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Մինչ Ալիևը հպարտանում է վերաբնակեցմամբ ու հայկական կողմին մեղադրում ժամանակին մզկիթներ ավերելու համար, 2020 թվականի պատերազմից ու 2023-ին Արցախի լիակատար հայաթափումից հետո անկախ հետազոտողների ուսումնասիրությունները վկայում են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:
Այս տարվա ապրիլին, մասնավորապես, «Ազատության» ձեռք բերած արբանյակային լուսանկարները հաստատել էին, որ Ստեփանակերտում քանդվել են Սուրբ Աստվածածնի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ադրբեջանի իշխանությունները երկու եկեղեցիների քանդումը հիմնավորել էին՝ դրանք անվանելով «օկուպացիայի խորհրդանիշներ»։
Օրերս 1l Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։