«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի, կամ դրանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք էդ մատյանին և բնագրերին: Եվ Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը», - այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը և անիմաստ եմ համարում նպատակադրումը, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին: Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է», - Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետը:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակացությունից պատգամավոր Լենա Մաթևոսյանն էր կոչ արել Փաշինյանին «մոտենալ ամբիոնին ու ասել, որ Գանձասարը հայկական է»:
Վարչապետն առայսօր չէր արձագանքել Հաջիևի պնդումներին ու հայերին ուղղված ծաղրին:
Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են: Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ. բացելով հին ձեռագրերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները արձագանքել էին ծիծաղով:
Մատենադարանի տնօրենը «Ազատությանը» պարզաբանել է, որ որևէ հնագույն ձեռագրի բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով, որ այնտեղ ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգ չի եղել:
Երկուշաբթի օրը Հայաստանի փոխարտգործնախարարի ուղեկցությամբ Մատենադարան էր այցելել Բաքվից Երևան ժամանած Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով հայտարարեց, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն «անհրաժեշտ քայլերն արել է» Գանձասարում տեղի ունեցածից հետո: