Մի քանի օրից կսկսվի ծիրանի «շալախ» տեսակի բերքահավաքը, սակայն կառավարությունը դեռ չի հստակեցրել՝ արդյոք դեպի ԵՄ շուկաներ ծիրանի արտահանման համար ևս արտոնություններ կտրամադրվե՞ն, ինչպես լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների դեպքում։
Այս լուրին է սպասում նաև հայկական գյուղմթերքը հիմնականում ռուսական շուկա արտահանող «Ֆրեշ Լայն» ընկերությունը, որն ունի ծիրանի, դեղձի և սև սալորի սեփական այգիներ։ Քանի որ Ռուսաստանն այս պահին սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, պատրաստ են նաև Եմ արտահանել: Ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն ասում է՝ առանց պետական աջակցության՝ չեն կարող:
«Ծիրանի «շալախի» բերքահավաքը սկսվելու է այս շաբաթվա վերջից: Իմ կարծիքով՝ ամսի 13-14-ից սկսվելու է», - ասաց նա:
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, որը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է, հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար կմեկնի Լեհաստան։ Սակայն, թե ո՞ր ընկերությունն է իրականացնելու արտահանումը և ի՞նչ պայմաններով, չի մանրամասնել։
Կառավարության՝ նախորդ շաբաթ ընդունած աջակցության ծրագրով, սուբսիդավորվում է լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը դեպի ԵՄ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր՝ կփոխհատուցեն նաև մաքսատուրք, իսկ մրգի արտահանման սուբսիդավորման առանձին ծրագիրը կներկայացնեն ավելի ուշ:
Թե ե՞րբ է այդ «ավելի ուշը», առայժմ հրապարակային հայտարարություն չկա։ «Ժամանակ չկա», - արձագանքում է արտահանող ընկերության հիմնադիրը:
«Հիմա մենք այս պահին արտահանում ենք ավիափոխադրումով թութ դեպի Ռուսաստանի Դաշնություն, և դա միակ պոզիցիան է, որ թողնում են, ավիափոխադրումով թութը կարելի է հասցնել Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետությունից ուրիշ ոչ մի գյուղմթերք չի արտահանվում», - ասաց Գևորգ Ղուկասյանը:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ երեկ ընդգծել էր, որ եվրոպացի գործընկերները Հայաստանին աջակցում են ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև գործնական քայլերով՝ օգնելով Ռուսաստանի սահմանափակումներից հետո դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։
«Մենք մտնում ենք, ես կարող եմ ասել՝ տեխնիկական ձևակերպումների փուլ կոնկրետ, ենթադրենք, լոլիկի մասով Եվրամիություն, ինչպիսի ընդառաջ քայլ է անում և այլն: Օրերի ընթացքում և առաջիկա շաբաթների ընթացքում, նաև երկարաժամկետ մեր գործարարները, նաև ողջ հայաստանյան հանրութունը կտեղեկացվեք կոնկրետ այս դեպքի, հետո այն դեպքի, այն ապրանքի մասին, բայց քաղաքական համաձայնությունը և ճանապարհը կա», - նշել է Միրզոյանը:
Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենն օրերս X-ում գրել էր, որ «Royal Flora Holland»-ը բացել է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով եվրոպացի և միջազգային գնորդների հետ։
Հայաստանից արդեն մի քանի խմբաքանակ ծաղիկների հասել են ԵՄ և ոչ ԵՄ երկրներ, առայժմ կառավարություն չի հայտարարել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
«Ֆրեշ Լայն» ընկերության հիմնադիրի խոսքով՝ արտահանողները որպես այլընտրանքային ուղղություն դիտարկում են նաև ուկրաինական շուկան։ Նա նշում է, որ իրենք արդեն փորձ ունեն հայկական միրգ-բանջարեղենն այդ երկիր արտահանելու գործում, բայց ընդգծում է՝ մաքսատուրքը, նաև այս հարցում է պետք կառավարության աջակցությունը:
«Անցյալ տարի փորձ ենք ունեցել Ուկրաինա արտահանենք մոտ 300 տոննայից ավելի ծիրան, այս տարի Ուկրաինայում մաքսատուրքերն են ավելացել՝ 2-3 անգամ: Անցյալ տարի արտահանել ենք, ու մաքսատուրքերը կազմել են 4000 դոլարին համարժեք, այս տարի արդեն՝ 10-11 հազար դոլարին համարժեք: Եթե խոսենք ծավալների մասով՝ մենք ունենք մեր ծավալները, բայց չենք կարա այդքան արտահանենք: Այսօր արտահանողների զգալի մասը կենտրոնացել են Ուկրաինայի վրա, բայց Ուկրաինան էլ էդ ծավալները չունի, մեծ ծավալներ չենք կարա Ուկրաինայում վաճառենք: Եվրոպան շատ ավելի բարդ է, շուկան քվոտավորված է, նաև ապրանքատեսակը, օրինակ, հայկական «շալախը» Եվրոպայում չեն ճանաչում, այսպես ասած», - ընդգծեց ընկերության հիմնադիրը:
Ավելի վաղ բեռնափոխադրողներն ու բեռնատարների վարորդները «Ազատությանն» ասել էին, որ շուրջ 30 տարի Հայաստանից Ռուսաստան բեռներ տեղափոխող վարորդների անձնագրերում ռուսական սահմանահատման կնիքներ կան, և հարց էին բարձրացնում՝ այդ պայմաններում ինչպե՞ս են, օրինակ, նույն բեռնատարներով, օրինակ, ապրանք հասցնելու Ուկրաինա, եթե հայ արտահանողները սկսել են նաև ուկրաիկնական շուկան դիտարկել:
Թե որքա՞ն ժամանակ Ռուսաստանը կշարունակի սահմանափակումներ կիրառել Հայաստանից արտահանվող բեռների նկատմամբ, առայժմ պարզ չէ:
«Նույնիսկ եթե ինչ-որ կոմպրոմիսների էլ գանք, շատ դժվար է լինելու իրենց հետ, մենք գիտենք Վերին Լարսի շոուները, օրինակ թութը վերջին ուղարկած, այդ ապրանքն արգելանքի տակ չի, բայց այնտեղ նույնիսկ լաբորատոր ստուգում չի անցել, ուղղակի ծրագրով տեսել են հայկական ավտո է, հայկական ապրանք է, ծրագրով հետվերադարձը խփել են, հետ են ուղարկել: Մեքենայի դռները չեն բացել, բայց մեջը ինչ-որ հիվանդություն են գտել», - ներկայացրեց Գևորգ Ղուկասյանը:
Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից շաբաթներ առաջ՝ սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի և խաղողի նկատմամբ։