Մատչելիության հղումներ

«Ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է». ռուսական սահմանափակումներից հետո արտահանողները այլ շուկաներ են փնտրում

Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական զգալի սահմանափակումներից հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Ազատությանն» ասել էր, թե ծաղիկների և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել Հայաստանից՝ դեպի Եվրամիության և այլ երկրների շուկաներ։

Խոշոր ջերմոցային տնտեսություններից մեկի համասեփականատերը, որ նախընտրեց անանուն մնալ, «Ազատությանն» այսօր ասաց, թե ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է: Բայց հայտնեց, թե որ երկիր է արտահանել. «Հենց հիմա մեր մեքենան ԵՄ երկրների գոտում է, որ մի քանի օրից կհասնի իր հանգրվանին, առայժմ առաջին մեքենան է: 2-րդ, 3-րդ, 4-րդը փորձում ենք հիմա արտահանել, տեսնենք՝ ոնց ենք անում»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել է, որ Կառավարությունը վաղն աջակցության ծրագիր կընդունի, որով կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը։ Նախարարի խոսքով՝ կփոխհատուցվի նաև Եվրամիություն արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և ծաղիկների մաքսատուրքը, իսկ մրգի արտահանման սուբսիդավորման ծրագիրը կներկայացվի ավելի ուշ։

Մեր զրուցակիցն այն խոշոր գործարարներից է, որոնք օրեր առաջ հանդիպել են նախարարի հետ և ներկայացրել ոլորտի խնդիրներն ու իրենց մտահոգությունները։ Ասաց՝ նաև իրենք են առաջարկներ արել. «Մի հատիկ վարդի արտահանման դեպքում որոշակի պետությունը սուբսիդավորի, պետությունը պատրաստակամ է, դա կլինի տրանսպորտի մեջ, նոր փաթեթավորումների մեջ, լոգիստիկ այլ ծառայությունների մեջ: Օրինակի համար՝ տարեկան արտադրվում կամ արտահանվում է 70 միլիոն հատ վարդ, ասենք, 0.10 եվրո սենց կարողանան սուբսիդավորեն, դա ամենաճիշտ տարբերակն է, որ ընդհանուր հաշվարկների մեջ գործարարներս էլ կարող ենք տեղավորվել»:

Այս ընկերությունն իր արտադրած ծաղիկները հիմնականում Ռուսաստան է արտահանել։ Ընկերության համահիմնադրի խոսքով՝ թեև «Ռոսսելխոզնադզոր»-ը ստուգել է իրենց ջերմոցները և չի կասեցրել արտահանման թույլտվությունը, վերջին սահմանափակումների հետևանքով իրենք ևս չեն կարողանում մտնել ռուսական շուկա։ Այդուհանդերձ, ռուսների հետ բանակցությունները դեռ շարունակվում են։

Մեր զրուցակիցն ասաց, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպման ընթացքում նաև իրենց վարկային ծանրաբեռնվածությունից են խոսել. «Երկարացնել սուբսիդադավորվող վարկերն ու մայր գումարների մասով արձակուրդ վերցնենք, որպեսզի լրացուցիչ բեռ հետագայում չառաջանա ընկերությունների վրա»:

Ինքը ծաղիկներն ինքնաթիռով արտահանելու տարբերակ չի դիտարկում, բայց նախարարին այդպիսի առաջարկով դիմողներ այդ օրը եղել են, ասաց՝ դրական արձագանք են ստացել: Այս ընկերությունը դիտարկում է մերձբալթյան երկրների, ինչպես նաև Եվրամիությունից դուրս մի շարք այլ երկների շուկաներ տանել իր ծաղիկները: Հարցրինք՝ ո՞ր ճանապարհով. «Հայաստան-Վրաստան-Թուրքիա, արդեն Հունաստան, Բուլղարի, որտեղ դրա պահանջարկը կա, ֆուռերով: Ես հակված եմ նրան, որ պետության աջակցությունը գոնե մեկ տարի տևի, որպեսզի կարողանանք այդ շուկաներում ամրապնդվել: Կարծում եմ՝ սա պետք է լինի մեր համար դաս ու դիտարկենք որպես երկարաժամկետ ներդրում տվյալ երկրներում տվյալ շուկարներ մտնելու համար»:

Մեր մյուս զրուցակիցը բեռնափոխադրող է, նաև եվրոպական երկրներ է բեռներ արտահանում: Ըստ նրա՝ ռուսական շուկան Հայաստանի համար շարունակում է մնալ ամենամոտն ու ամենահարմարավետը։

«Իմ փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպական շուկաներում բազմաթիվ ապրանքների իրացումը սահմանափակված է քվոտաներով։ Հնարավոր է՝ Եվրոպան աջակցի Հայաստանին, սակայն դժվար է պատկերացնել, որ ռուսական շուկայի ծավալներն ամբողջությամբ կփոխարինվեն եվրոպական ուղղությամբ», - ասաց նա։

Պայմանական հաշվարկ է անում Հայաստանից դեպի Ուկրաինա ուղղությամբ արտահանման ծախսերի մասով. «Ծաղիկը Նիդերլանդներում շատ ավելի էժան է, քան Հայաստանում: Նիդերլանդներից ծաղիկի բեռնափոխադրման արժեքը դեպի Ուկրաինա մոտավորապես 2500 եվրոյին համարժեք է, ու այդ ծաղիկը 3 օրից կլինի Ուկրաինայում: Հայաստանից ծաղիկի արտահանումը, նվազագույն բեռնափոխադրման արժեքը լինելու է 6000 եվրո, արդեն 3500 եվրոյի տարբերություն է միայն բեռնափոխադրման մեջ: Ուկրաինացին ո՞ր ծաղիկը կներմուծի: Իսկ մեր պետությունը ինչքա՞ն է պատրաստ սուբսիդավորել՝ մեկ տարի, երկու տարի, հինգ տարի: Միևնույն է՝ չի նվազելու բեռնափոխադրման գինը, Նիդերլանդներից էլ չի բարձրանալու բեռնափոխադրման դինը, որ մենք մտնենք մրցակցության մեջ: Միշտ մենք մրցակցության մեջ պարտվելու ենք: Պետությունը պատրա՞ստ է լինելու միշտ արտահանողին սուբսիդավորի, որպեսզի արտահանողը կարողանա վճարել ինձ իմ բեռնափոխադրման համար»:

Փոքր ջերմոցներ ունեցողներն անհանգստացած են՝ իսկ իրենց ծախսերն ո՞վ է փոխհատուցելու, եթե արտահանումը չկա ու դա նաև իրենց արտադրանքի գնի վրա է ազդում: Ասում են՝ խոշորները միշտ էլ աջակցող ունեն, իսկ իրե՞նք. «1 միլիոն 200 հազար, 300 հազար մենակ գազի փող եմ տալիս, էս ընտրություններից հետո, որ գազի գինն էլ ավելացավ, էլ չեմ վառելու»:

Ռուսական սահմանափակումների ֆոնին վարչապետ Փաշինյանն ու կառավարության ներկայացուցիչներն արտահանողներին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհն են ցույց տալիս՝ որպես արտահանման այլընտրանքային ուղի, արտահանողներն էլ շարունակում են պնդել՝ գնացքով թարմ միրգ-բանջարեղեն արտահանելն ուղղակի անհնար է:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG