«Օրինակ՝ սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ, այսինքն՝ դեռ երկու օր ունենք». - արտգործնախարար Արարատ Միրզոյանի այս հայտարարությունից մեկ օր անց արտաքին գերատեսչությունը հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
«2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Մինչ կողմերը հայտարարում են անվճար վիզաների մասին, այն էլ՝ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, Թուրքիա - Հայաստան սահմանին՝ Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են ընթանում: Ընդ որում, Հայաստանի հետ սահմանակից Իգդիրում լույս տեսնող պարբերականն այսօր գրել է, որ անցակետը նախատեսված է բացել հունվարին, և այդ պատճառով աշխատանքները մեծ արագությամբ են ընթանում:
Ավելին, ըստ տեղական պարբերականի՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը անձամբ է վերահսկում մաքսային տարածքում իրականացվող աշխատանքները, և ակնհայտ է, որ սահմանային անցակետի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը իրականում պահանջում էր ամիսների աշխատանք, ավարտվում են կարճ ժամանակահատվածում:
Ալիջանի սահմանակետի բացումը մեծ սպասումներ է առաջացրել նաև սահմանի այն կողմում ՝ Իգդիր նահանգում:
Տեղական մամուլն ընդգծում է, որ սահմանի բացման դեպքում ակնկալվող ուղևորափոխադրումների և տրանսպորտային միջոցների երթևեկության աճի պայմաններում ճանապարհային ենթակառուցվածքներն անբավարար են, և հետևաբար մոտ 3 հազար բնակչություն ունեցող Քարաքոյունլու քաղաքի կենտրոնական հանգույցին միացնող ճանապարհը պահանջում է Թուրքիայի և Հայաստանի միջև նոր կամրջի կառուցում և գործող ճանապարհի լայնացում:
Yesiligdir պարբերականը, արձանագրելով, որ տրանսպորտային և ենթակառուցվածքային խնդիրների լուծումը չափազանց կարևոր է Ալիջանի սահմանային անցակետում, միաժամանակ տեղեկացնում է, որ անցակետը ուղևորափոխադրումների համար նախատեսվում է բացել մինչև օգոստոս:
Իգդիրում ակնկալում են, որ Ալիջանի սահմանային դարպասը բացելուց հետո նահանգի բնակչությունը կշահի՝ առևտրի, զբոսաշրջության և լոգիստիկայի առումով:
Այն, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ տարի կդիմի «խորհրդանշական քայլերի», օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբեք: Մենք Ադրբեջանի հետ երկխոսությամբ առաջ ենք տանում նաև մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ: Հուսով եմ, որ հաջորդ տարվա սկզբին մենք այդ ուղղությամբ որոշ խորհրդանշական քայլեր կանենք», - ասել էր Թուրքիայի նախագահը:
Թուրքիայից հնչած այս խոստմանն ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կոնկրետ քայլեր անելու պահը հասունացել է:
«Մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, և ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան», - ասաց Հայաստանի վարչապետը:
Այս հայտարարությունից հետո արդեն, Պետեկամուտների կոմիտեում տարեվերջյան միջոցառման ժամանակ վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, թե զարգացումներ են սպասում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին:
Արդեն երեկ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ հայ - թուրքական հարաբերություններում մոտ ապագայում առաջընթաց կլինի: Ժամկետներ, սակայն, Արարատ Միրզոյանը խուսափեց նշել:
«Ես չեմ կարող ասել՝ դա կլինի հունվարի 1-ի՞ն, 10-ի՞ն, թե՞ 20-ին, թե՞ 30-ին, ես չեմ կարող ասել՝ դա հունվարին կլինի, այսինքն՝ չեմ ուզում այդպիսի գնահատական, կանխատեսում անել: Ես չեմ ուզում ասել՝ ամբողջական գործընթացը, բոլոր հնարավոր քայլերը կլինեն հունվարի՞ն, թե՞ մի մասը կլինի հունվարին, մի մասը՝ մարտին, մի մասը՝ մայիսին, կամ սեպտեմբերին կամ հաջորդ դեկտեմբերին: Բայց էդքան երկար, չեմ կարծում, թե ամբողջը տևի», - ասաց նախարարը:
Ավելի քան երեք տարի Թուրքիան այդպես էլ չի կատարում խոստումը և չի բացում սահմանը անգամ երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը մշտապես պայմանավորելով հայ - ադրբեջանական կարգավորմամբ:
Ցամաքային սահմանը բացելու համաձայնությունը երկու երկրների բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն և Սերդար Քըլըչը ձեռք էին բերել դեռ 2022-ի հուլիսին, երբ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ որևէ առաջընթաց չկար։
Արդյո՞ք հաջորդ տարվա սկզբին Անկարան կկատարի շուրջ երեքուկես տարվա վաղեմության խոստումը, և արդյո՞ք Էրդողանի մատնանշած սիմվոլիկ քայլը հենց դրան է վերաբերում: Թուրքագետ Նելլի Մինասյանն ասում է, որ ավելի շատ հավանական է, որ տարեսկզբին սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար:
«Որովհետև, տեսեք, երկաթուղու հետ կապված, հա, կան աշխատանքներ, բայց դրանք արագ աշխատանքներ չեն ենթադրում, բացի այդ՝ սա սիմվոլիկ չէ, կհամաձայնեք: Եվ այստեղ սիմվոլիկ մեկ էլ, իմ դիտարկմամբ, կարող է լինել Անիի կամուրջի հետ կապված, բայց այստեղից էլ առանձնապես շատ տեղեկություններ չունենք, որ կողմերը կոնկրետ համաձայնության եկել են արդեն ինչ-որ մի գործընթացի շուրջ: Հետևաբար, ես կարծում եմ՝ ավելի շատ հենց սահմանի բացում, սահմանափակ բացում երրորդ երկրների քաղաքացիների համար առաջին փուլում», - «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետը:
Նոյեմբերի վերջին Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել էին սահմանի Ախուրիկ - Աքյաքա անցակետում և Գյումրիում քննարկել Գյումրի - Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված քայլերը: Այդ երկաթգիծը չի գործում 1990-ականներից: