Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործի քննությունը:
Դատախազությունը բարձրաստիճան հոգևորականից պահանջում է դադարեցնել կառուցապատման իրավունքը:
Թե ինչ կառուցապատման մասին է խոսքը, Դատալեքս հարթակում մանրամասներ չկան: Ավելին, եթե օրեր առաջ Դատալեքսում այս գործի մանրամասները հասանելի էին, ապա այսօր փակվել է՝ գաղտնիք պարունակելու պատճառով:
Հոգևորականը նիստին ներկա չէ:
Քանի որ փաստաբան Վարազդատ Ասատրյանը նոր է ներգրավվել այս գործում, խնդրեց նիստը հետաձգել:
Հաջորդ նիստը հունվարի 16-ին է:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը:
Նավասարդ Կճոյանը կաթողիկոսին հեռացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած ու Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող տասը արքեպիսկոպոսներից մեկն է: Նա վարչապետի հետ մասնակցում է կիրակնօրյա պատարագներին, որոնց ընթացքում զեղչվում է վեհափառի անունը:
Մայր Աթոռը դատապարտել է կաթողիկոսի, ինչպես նաև թեմակալ առաջնորդների անունների զեղչումը՝ դա կանոնական խախտում համարելով: