Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ հայց է ներկայացրել Հակակոռուպիցոն դատարան: Կճոյանի դեմ այս գործով դատախազը դատարան է դիմել մոտ երկու ամիս առաջ, երբ արքեպիսկոպոս Կճոյանը դեռ չէր միացել Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու վարչապետի պայքարին:
Ներկայացված հայցով՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է դադարեցնել Կճոյանի՝ հողամասի կառուցապատման իրավունքը: Երևան համայնքին պատկանող հողատարածքը բարձրաստիճան հոգևորականին տարիներ առաջ տրամադրվել է կառուցապատման համար: Այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին՝ մոտ 8000 քառակուսի մակերեսով հողամասը Սուրբ Աբգար Թագավորի փողոցում է:
Թե ի՞նչ պետք է կառուցեր հոգևորականը, դատախազությունից չեն մանրամասնում: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից մեկնաբանություն ստանալ «Ազատությանը» չի հաջողվել:
Կադաստրի կոմիտեից տեղեկացանք, որ Կճոյանը կառուցապատման իրավունքը ստացել է 13 տարի առաջ՝ 2012 թվականին, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր: Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ դատախազությունն այս հողամասը հիշեց այն նույն փուլում, երբ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակնկալում էր նաև հոգևորականների աջակցությունը Վեհափառին հեռացնելու հարցում, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քիչ հավանական է համարում:
«Ակնհայտ է, դատելով հրապարակային ելույթներից, տեսնելով այն ամբողջը, ինչ տեսնում ենք, կարելի է ասել, որ՝ այո, բանսարկություններով են փորձում իրենց նպատակին հասնել իշխանությունները, եկեղեցի-իշխանություն առճակատման այս պատմության մեջ, այո, դիմում են նաև բանսարկությունների, դա ակնհայտ երևում է: Հիմա Կճոյանի այս մի դեպքը այդ բանսարկության դրվագ է առանձին, թե՝ ոչ, կարող եմ կռահել, բայց պնդել չեմ կարող», - ասաց իրավապաշտպանը:
Մինչ հողամասի կառուցապատման դադարեցման հայցի քննությունը նոր-նոր է սկսվում, այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը ավելի քան մեկ տարի առաջ մերժել է արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը:
Կա՞ն արդյոք այլ գործեր, որոնցով անցնում է բարձրաստիճան հոգևորականը: «Ազատությունը» դատախազություն գրավոր հարցում է ուղարկել, պատասխան դեռ չունենք:
Կաթողիկոսին հեռացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ու մյուս բարձրաստիճան հոգևորականները, իրավապաշտպանը չի բացառում՝ կոմպրոմատների գործադրման հետևանքով հայտնվեցին վարչապետի աշխատասենյակում: ՔՊ-ականները մինչդեռ հերքում են պարբերաբար հնչող այս մեղադրանքները, պնդում՝ եթե իշխանությունը նման մեթոդներով աշխատեր, կաթողիկոսը վաղուց հեռացած կլիներ գահից:
«Երբ օպերատիվ գործ է արվում, մարդուն սկսում են հետազոտել՝ կապերը և այլն ու այդպես շարունակ, երբ որ այդտեղ տվյալ է բացահայտվում, այդ տվյալը չեն կարող ուղղակի ջնջել: Հիմա ես ինչո՞ւ գիտեմ դրանց մասին, մի պարզ պատճառով, որովհետև այդ օպերատիվ միջոցառումն իրականացրած մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, վարչապետին ենթական մարմին է», - հայտարարել է վարչապետ Փշինյանը:
Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ հոգևորականներից մեկը, որին իշխանությունը չի կարողացել ճնշել, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն է: Նա այժմ ճաղերի հետևում է թմրանյութի գործով: Կալանավորվելուց առաջ Խաչատրյանը հայտնել էր, որ իր հետ ավելի վաղ ԱԱԾ ներկայացուցիչներ են հանդիպել: Կառույցից Սրբազանի այս հայտարարությանը մինչ օրս չեն արձագանքել:
«Ես չեմ էլ բացառում, որ ապագայում նոր եպիսկոպոսներ այս կողմ քաշվեն, որովհետև սրա կամ նրա վրա կարող է գտնվել այս կամ այն կոմպրոմատը, կամ ինչ-որ քրեական գործեր կարող են լինել, ես բոլորովին չեմ բացառում: Արդեն տեսնում եմ այդ զարգացումը, երևում է արդեն, քանի որ ունենք մի քանի օրինակ, չի կարելի բացառել, որ ապագայում նույնպես կարող ենք ունենալ», - նշեց իրավապաշտպանը:
Որ Վեհափառի հեռացման իշխանության օրակարգին այլ եպիսկոպոսներ ևս առաջիկայում կմիանան, իշխանականներն արդեն հայտարարում են: