Վարչապետի մասնակցությամբ պատարագից հետո այսօր Գյումրիի Յոթ Վերքում օծման ու մաքրագործման կարգ մատուցվեց:
«Նմանեցնում եմ այս ծիսակարգը տնօրհնեքի հետ: Հավանաբար շատերդ տնօրհնեքի հետ առնչվել եք, թե ինչպես է հոգևարականը գալիս և տունը օրհնում: Եվ երբ տունը օրհնում է, տունը չէ, որ քանդված էր, տունը օրհնեց, այլ օրհնում է այն դրությունը, որ այդ տան մեջ խախտված է եղել, և այդ դրությունը վերականգնելու համար է օրհնությունը կատարվում, դրա համար օրհնվում են նաև տան տարրերը», - ասաց Սուրբ Յոթ վերք եկեղեցու սպասավոր Տեր Հուսիկ քահան Գրիգորյանը:
Պատարագից առաջ թեմի հոգևորականների կողմից կապարակնքված սենյակներ տեղափոխված եկեղեցու գույքը արդեն իր տեղում էր. աթոռները, որի վրա թեմի առաջնորդն ու քահանաներն էին նստում արարողակարգերի ժամանակ, նաև պատարագ մատուցելու համար անհրաժեշտ սպասքն էին հրաժարվել տրամադրել տեղի հոգևորականները, ինչպես բնորոշել էին՝ կեղծ պատարագի համար:
Երեկվա պատարագին եկեղեցում անգամ մոմ չէր վառվել, թեմի հոգևորականների նման մոմավաճառները ևս բոյկոտել էին իշխանականների ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների մասնակցությամբ պատարագը:
Այսօր արդեն եկեղեցում մոմեր էին վառված: Եկեղեցու երգչախումբը ևս հրաժարվել էր ներկա գտնվել և պատարագի եկածներից մի քանի հոգի էին կարողացել գտնել, որ պատարագին երգեցին առանց երգեհոնի: Վարչապետի մասնակցությամբ այս պատարագին ևս զեղչվեց կաթողիկոսի, նաև թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունը: Շիրակի թեմի քահանաները հրաժարվել էին Փաշինյանի նախընտրած ձևով պատարագ մատուցել ու դա նրանց փոխարեն արեց Արմավիրի թեմի քահանան: Սակայն Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը կարողացան հնչեցնել և՛ կաթողիկոսի, և՛ թեմի առաջնորդի անունները:
«Գիտեինք, որ չէր հնչեցվելու մեր կաթողիկոսի և մեր սրբազան առաջնորդի անունները, մտածել էինք, որ հնարավոր չէ, որ թույլ տանք, որ չհնչեցվեն: Քանի որ պատարագը կարգ ունի, և ամեն ոք չի կարող բառեր ու արտահայտություններ ուղղակի հանել Սուրբ պատարագից: Այդ իսկ պատճառով եկել ենք մեր Սուրբ Յոթ Վերքը, երգչախմբի հատված ենք գնացել: Երբ եկավ հիշատակումների հատվածը մենք հնչեցրինք մեր Վեհափառի և, իհարկե, մեր առաջնորդի անունը», «Նայում էի Սուրբ Յոթ Վերքին ու այդ բազմությանը, հասկանում էի, որ այդտեղ մարդիկ ուղղակի շոու էին ներկայացնում» - «Ազատության» հետ զրույցում ասացին Սարգսյանցն ու Ղազարյանը:
Նրանք աննկատ էին մնացել, իսկ ներքևում կաթողիկոսի ու Շիրակի թեմի առաջնորդի անունները հնչեցրած մի երիտասարդի եկեղեցուց դուրս բերեցին:
Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին երեկ բոլոր կողմերից շրջափակված էր մեծաթիվ ոստիականնների ու անվտանգության աշխատակիցների կողմից, սահմանափակված էր մարդկանց ազատ տեղաշարժը:
Նիկոլ Փաշինյանը երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո գնաց Յոթ Վերք եկեղեցի: Հենց այդ պահին հուշարձանի հարևանությամբ գտնվող Ամենափրկիչ եկեղեցում Շիրակի թեմի հոգևորականներն էին մատուցում պատարագը, որ ի սկզբանե ծրագրել էին անել Յոթ Վերքում:
Հրապարակի լռությունը խախտվեց, երբ քաղաքապետարանի շենքի վրա հայտնվեց բանտարկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների նկարներով պաստառը:
Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն էր ակցիայի հեղինակը, բայց կարճ ժամանակ անց ոստիկանները թակեցին խմբակցության դուռը՝ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմեցին, պաստառն էլ հավաքեցին:
Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցեց Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը: Պատարագին ներկա էին նաև Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նրանք փորձում էին աննկատ ու ոստիկանների ուղեկցությամբ հեռանալ, բայց հանդիպեցին մի քանի կանաց, ովքեր սկսեցին բարձրաձայն կշտամբել նրանց. «Ինչ իրավունքով... եկել ես էստեղ, ամոթ քեզի....», - ասում էին կանայք:
Ըստ կանոնակարգի՝ այլ թեմից հոգևորականը պատարագ կարող է անցակացնել, երբ դա թույլատրում է թեմի առաջնորդը: Միքայել սրբազանը, սակայն, ոչ միայն չէր թույլատրել, այլև նախազգուշացրել էր, թե «Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի Հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև»: