Երևանում նախօրեին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:
Մայիսի 4-ին Հայաստանն ու Թուրքիան ստորագրել էին Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը:
Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին համաձայնություն երկու երկրների միջև ձեռք էր բերվել ավելի քան երեք տարի առաջ, մոտ մեկ տարի անց էլ Հայաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ Երևանն ու Անկարան այդ մասով կոնկրետ արձանագրություններ են փոխանակում:
Սա Անկարայի և Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չվավերացրեց։
Կարգավորման այս գործընթացը սկսել է 2021-ից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Երկու երկրները կագավորումն առաջ տանելու համար հատուկ բանագնացներ են նշանակել։