Թուրքիայի սահմանամերձ շրջանի բնակիչները, որոնք հիշում են, թե ինչպիսին էր իրենց առօրյան տասնամյակներ առաջ, երբ սահմանը բաց էր, հիմա սպասում են իշխանությունների որոշմանը և հուսով են՝ սահմանները կվերաբացվեն։
«Սահմանի բացումը շատ լավ կլիներ, շատ լավ կլիներ։ Այսինքն, մենք արդեն տարիներ շարունակ ուզում ենք, որ այս սահմանը բացվի։ Որպեսզի լավ բարեկամական հարաբերություններ ունենանք, մեր գնալ-գալը հանգիստ լինի»,- ասում են նրանք։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, առայժմ չեն իրագործվել։ Տարիներ առաջ կողմերը պայմանավորվել են սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մինչ այս պահը նորություն չկա։
«Այնտեղ եկող ռուս կամ հայ քաղաքացիների հետ խոսում էինք, այսինքն՝ նրանք էլ կիսատ-պռատ թուրքերեն գիտեին։ Թուրքերեն իմացողներ էլ կային։ Լավ թուրքերեն իմացողներ էլ կային։ Խոսում էինք նրանց հետ։ Բայց, իհարկե, մենք տարիներ շարունակ ուզում ենք դռան բացվելը։ Բացվելն ավելի լավ կլինի։ Մեր շրջանի համար լավ կլինի»։
Սահմանի այս կողմում ապրող մարդիկ հիշում են, թե ինչպես էին շփվում հայերի հետ, այժմ կարծում են՝ սահմանի բացումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանին.
«Այսօր մենք ապրում ենք երկրի արևելքում՝ ամենավերջին քաղաքում։ Դրանից հետո այլ քաղաք չկա։ Այս սահմանի բացումը մեծ ներդրում կունենա և՛ մեր նահանգի, և՛ տարածաշրջանի ժողովրդի, և՛ մանր ձեռներեցների, և՛ առևտրի համար։ Այսօր առևտրի առումով մեր գործարարներն ուզում են այստեղ ներդրումներ անել»։
Աքյաքյայի բնակիչները պատմում են՝ սահմանի փակումը բացասաբար է անդրադարձել իրենց սոցիալական պայմանների վրա՝ հանգեցնելով թանկացումների.
«Գնացքի վագոններով ալյուր էր գալիս, կեր էր գալիս, ածուխ էր գալիս, ցեմենտ էր գալիս։ Իհարկե, երբ այս դուռը փակվեց, դրանք էլ վերացան։ Ի՞նչ եղավ։ Արհեստավորները սկսեցին բեռնատարներով բերել, ինքնարժեքը բարձրացավ։ Սա էլ անդրադարձավ քաղաքացիներին, ժողովրդին։ Զբոսաշրջիկներ էին գալիս, ու երբ գալիս էին, իջնում էին քաղաք։ Ծխախոտ էին առնում, ջուր էին առնում, թեյ էին առնում, կոլա էին առնում... Հավատացեք, կատարյալ բազմություն էր լինում։ Բոլորն էլ այսպես ծափահարություններով էին դիմավորում եկող զբոսաշրջիկներին, հյուրերին»։
Աքյաքյայի քաղաքապետ Էրգուդեր Թոփթաշի խոսքով՝ թուրքական կողմում այժմ աշխատանքներ են ընթանում, մի քանի ամսից կավարտեն երկաթուղու վերականգնման աշխատանքները, նաև մրցույթ են հայտարարել ավտոճանապարհը վերականգնելու համար։
Թուրք պաշտոնյան, այդուհանդերձ, ընդգծում է՝ քաղաքական որոշում պետք է լինի։
Հունիսի սկզբին Կարս էին այցելել 5 տասնյակից ավելի հայ գործարարներ, նրանց հյուրընկալել էր Կարսի արդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզենը։ Նրա խոսքով՝ համատեղ ֆորումի ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են առանձնացրել.
«Հանդիպմանը ներկա են եղել մոտ 57 գործարարներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ տեքստիլ, հանքարդյունաբերություն, շինանյութեր, սնունդ և ծաղկի բիզնես։ Շփումները շատ արդյունավետ են եղել, և արդեն կան որոշակի գործնական քննարկումներ ու պայմանավորվածություններ։ Հիմնական և առաջնահերթ ոլորտներն են՝ տարածաշրջանային զբոսաշրջությունը, ռեստավրացիան (շինությունների վերականգնումը), սննդի արդյունաբերությունը, շինարարությունը և տեքստիլը»։
Թուրքական գործարար շրջանակի ներկայացուցիչը նաև փակագծեր է բացում. հայկական կողմից ցանկանում են ծածկոցներ գնել, Կարսի ընկերություններից մեկն էլ առաջարկել է Երևանում շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել։
«Այստեղ կան որոշակի ընթացակարգային հարցեր՝ կապված հատուկ մեքենասարքավորումների տեղափոխման հետ, որոնք այժմ փորձում են լուծել։ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը հսկայական դրական ազդեցություն կունենան ողջ տարածաշրջանի (ներառյալ Կովկասի) տնտեսության զարգացման վրա։ Այս տնտեսական օգուտներն ակնթարթորեն չեն երևա, սակայն ժամանակի ընթացքում լրջագույն ձեռքբերումներ կապահովեն բոլոր կողմերի համար»։
Կարսի արդյունաբերական պալատի նախագահը նաև հայտնեց՝ սեպտեմբերին էլ Երևանում են նախատեսում ֆորում անցկացնել, այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Թուրքական կողմի պաշտոնյաները, այդուհանդերձ, ընդգծում են՝ Անկարան պետք է քաղաքական որոշում կայացնի, որ սահմանները դարձյալ բացվեն։
Ռոբերտ Զարգարյան, Աքյաքյայից