Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական «Վեստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ կիսում է երկրի հարուստ ապագայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը:
«Իհարկե, ես համաձայն եմ Հայաստանը հարուստ դարձնելու ծրագրերի վերաբերյալ Փաշինյանի ասածին: Դա այդպես է ըստ սահմանման: Ինչպես կհարստանա, ինչ կլինի, ինչ հոսքեր կլինեն՝ երկար խոսակցություն է: Այժմ ինձ դժվար կլինի ոտքի վրա, ուղղակի ռեպլիկով պատասխանել ձեր այդ հարցին», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը:
Օրերս Գառնիում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, հայտարարեց, որ թանկացումներով սպառնալը անտրամաբանական է, քանի որ այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»:
Ընդգծելով՝ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, վարչապետն ասաց. - «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր»: