Մասիսի սուրբ Թադեոս եկեղեցու մոմավաճառ ներկայացած կինը շատ զայրացավ, երբ իմացավ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ենք փնտրում: Կաթողիկոսի որոշմամբ՝ նա ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, բայց որոշումը չի ընդունում: Այսօր էլ Երևան ժողովի է, ավելի զայրացավ մոմավաճառը:
«Սա եկեղեցի է, սուրբ վայր է, աշխատեք մեկ ուրիշ տեղ, խուլիգաններին, գողերին, մյուսներին գնացեք լրագրեք, այստեղ սուրբ մարդիկ են աշխատում, այստեղ ոչինչ չկա ձեզ հետաքրքրող: Ոստիկանները... մի երկու հոգի մտնում են, խուլիգանություն են անում, դրա համար էլ իրենք իրենց ծառայությունն են անում, հալալ ա ոստիկաններին», - ասաց նա:
Սուրբ Թադեոս եկեղեցու և առաջնորդարանի տարածքը ոստիկանության գվարդիայի մեքենաներով ու ոստիկաններով է լի: Ոչ մի իրադարձություն չկա, Փաշինյանի մասնակցությամբ պատարագը երեկ էր, ավարտվել է, ինչո՞ւ են այստեղ: Ներքին գործերի նախարարության խոսնակն ասաց՝ հասարակական կարգի պահպանություն է:
Այս հիմնավորմամբ նաև Հովհաննավանքում էին ոստիկանական ուժերը, Թալինի եկեղեցում. օգնում են, որ կարգալույծ քահանաները խորան բարձրանան: Ենթադրվում է, որ Մասիսի եկեղեցու բակում են, որպեսզի Գևորգ եպիսկոպոսի տեղում մնալուն աջակցեն, իսկ որ նա պիտի տեղում մնա, վարչապետն ինքն է ասել:
«Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», - նշել է վարչապետը։
Վեհափառի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նա, սակայն, առաջնորդարան դեռ չի փորձել մտել, ասաց թեմի տարածքում շրջում է, քահանաների հետ հանդիպում: Այս թեմի 24 քահանաներից 4-ն են միացել Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին: Նրանց առաջնորդարանում չտեսանք, տրամադրություն փոխանցող միակը մոմավաճառն է:
Նիկոլ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների ձևավորած համակարգող խորհուրդը ոչ լեգիտիմ ու մերժելի է համարել կաթողիկոսի որոշումը՝ պաշտոնանկ անել Մասյացոտնի թեմի առաջնորդին: Ի դեպ, Մայր Աթոռից էլ մանրամասներ չեն հայտնում, թե ինչո՞ւ են կանգ առել հատկապես այս եպիսկոպոսի վրա: Գարեգին երկրորդի հեռացումը 10-ն են պահանջում, նրանցից 8-ը թեմերի առաջնորդներ են: Փաստն այն է, որ այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում պաշտոնանկ արված եպիսկոպոսն է, իսկ նրան փոխարինող հայր Ռուբենը շրջում է թեմի եկեղեցիներով:
«Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի»
Մասիսի եկեղեցի եկած կինը տարակուսեց ոստիկանների առատությունից, չի հասկանում՝ ինչո՞ւ է գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը, եկեղեցի բարենորոգում:
«Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, եթե նա մեր վարչապետն է, ուրեմն թող զբաղվի իր գործով, իսկ եկեղեցին միշտ եղել է անկախ՝ անկախ ամեն ինչից, թե կաթողիկոսն ինչպես է: Նոր են հիշո՞ւմ, որ կաթողիկոսը երեխա ունի: Ժողովուրդն էլ ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է ծառայում ուրիշ երկրների, հիմա ո՞րն է ավելի ճիշտ», - նշեց կինը:
Երեկ Սուրբ Թադեոսը լեփ-լեցուն էր, եկեղեցին Մասիսում է, բայց հարակից տարածքներից ավելի շատ մարդ կար, ասում է Գրիշա Բադասյանը. «Ես հատուկ եկել եմ, որ տեսնեմ Մասիսից մարդ կա՞, չկա, ես Մասիսից մարդ չեմ տեսել»:
Տղամարդն ինքը պատարագի չի մասնակցել, ուղղակի դիտարկել է տարածքը. «Ինքը իրավունք չունի: Կաթողիկոսը եկեղեցին իր ներսում պետք է փոխի, ում որ պետք է, իրեն դնի, բայց իքը իրավունք չունի»:
Վարչապետին մի հարց ունի նրա ընկերը. «Եթե ասում ես՝ «եկեղեցին մեր գործերին չխառնվի», ուրեմն ինքն էլ պետք է եկեղեցու գործերին չխառնվի»:
Մասյացոտնի թեմի մեկ այլ Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում երկրի գլխավոր թեմա դարձած եկեղեցու նորոգման գործընթացի մասին հարցից մի տղամարդ գլուխը թափահարելով հեռացավ: Մեկ ուրիշը ծանր հոգոցներով փորձեց ոչինչ չասել:
Մի քաղաքացի էլ այս ամենը քաղաքական խաղ որակեց, որին պետք չէ, որ ժողովուրդը խառնվի: Բայց վարչապետը հոգևոր նորոգման մասին է խոսում: