Գևորգ եպիսկոպոս Սարոյան. Մայր Աթոռի կայքում այս էջն այլևս փակված է: Երեկ երեկոյից Էջմիածինը նրան մեզ նման աշխարհիկ մեկը դարձրեց, զրկեց եպիսկոպոսական կարգից: Կաթողիկոսի որոշմամբ՝ Գևորգ սրբազանը հիմա Արման Սարոյանն է:
«Կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար», - ասված է Մայր Աթոռի հայտարարությունում։
Այս եպիսկոպոսն, ըստ Մայր Աթոռի, եկեղեցական կանոններից շեղվել է, անկարգ գործողություններով դրժել հնազանդության ուխտը: Եկեղեցու բարձրագույն՝ եպիսկոպոսական դասից զրկելու դեպքերը շատ չեն: Այսպիսի բան մեկ էլ 18 տարի առաջ է եղել:
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, չպատասխանեց հարցերի
Բանակի տոնին այսօր Եռաբլուրում էր Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորական շքախմբի հետ, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար:
Զինվորական պանթեոնում Վեհափառը շուրջ կես ժամ լռեց՝ բազմաթիվ հարցերին ի պատասխան: Իր հրաժարականը պահանջող մյուս միաբանների՞ն էլ է նույնը սպասվում, Փաշինյանի մեղադրանքներին կարձագանքե՞ք, զավակ ունե՞ք, Ձեզ կձերբակալե՞ն. Վեհափառը անբառ քայլեց հարցերի տարափի ներքո:
Լռությունն ընդհատեց կարճ ժամանակով՝ հիշեցնելու, թե ինչի համար են հավաքվել. «Ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրն օրվա խորհրդի մեջ: Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակների առջև»:
Նրան ուղեկցող հոգևորականները նույնպես հրաժարվեցին մեկնաբանել եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը: Միայն Մուշեղ սրբազանը կես բերան նետեց՝ Եպիսկոպոսական ժողով այդ որոշման համար պետք չէր. «Եպիսկոպոսական ժողով այլ հարցերի համար է լինելու Վիեննային հարակից քաղաքում»:
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շուրջ 30 տարվա հոգևորական էր: Նրան կուսակրոն քահանա, ապա եպիսկոպոս ձեռնադրել ու օծել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Նա Մասյացոտնի թեմի առաջնորդն էր: Շուրջ երկու ամիս առաջ Գևորգ սրբազանը 9 այլ միաբանների հետ միացավ Նիկոլ Փաշինյանի վեհարանը վեհափառից ազատելու արշավին: Մինչև այդ բացառում էր, թե որևէ հոգևորական կմիանա վարչապետին, միացողների ապագան էլ գիտեր. «Եթե դեմ գնացիր նվիրապետության որոշմանը, դիրքորոշմանը, կեցվածքին, այդ ժամանակ դառնում ես ուխտադրուժ»:
Հետո արդեն Գևորգ սրբազանը հայտարարեց՝ կաթողիկոսին պաշտպանում էր, որովհետև չգիտեր, որ նա եկեղեցին ծառայեցնում է արտաքին ուժերին: Մինչև այս կարգալուծության որոշումը՝ Մայր Աթոռը Գևորգ սրբազանին պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, այնտեղ նոր առաջնորդական տեղապահ էր նշանակվել, սակայն թեմի նախկին առաջնորդը դատի տվեց Մայր Աթոռին, դատարանն էլ ժամանակավորապես վերականգնեց նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի:
Մասյացոտնի թեմն այժմ երկու անհավասար մասի է բաժանված, 24 քահանաներից 20-ը նորանշանակ տեղապահի հետ են, 4-ը այժմ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսի: Մասիսի առաջնորդանիստ եկեղեցին նախկին եպիսկոպոսի հսկողության տակ է: Տարածքից չեն հեռանում նաև ոստիկանները:
Կարգից զրկված հոգևորականը մեր զանգերն անպատասխան թողեց, եկեղեցու բարենորոգման գործին միացած միաբաններից մեկի հետ զրուցեցինք, ասաց, կաթողիկոսը չարաշահում էիր պաշտոնը, առանց Եպիսկոպոսական ժողովի կամ առանց նրանց գրավոր համաձայնության՝ եպիսկոպոսի կարգալուծություն լինել չի կարող: Իշխանական թիմից էլ շտապեում են կրկնել՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, նրա որոշումները ոչինչ չեն նշանակում:
Հայ եկեղեցին մինչև այժմ հստակ պատասխան չունի, թե ի՞նչ է կարգալուծությունը. նախկին վարդապետ Սարգիս Յազիչյան
Հայ եկեղեցին մինչև այժմ հստակ ու կանոնական պատասխան չունի, թե ի՞նչ է կարգալուծությունն ու ինչպե՞ս պիտի արվի, ասում է նախկին վարդապետ Սարգիս Յազիչյանը: Տեր Զավեն վարդապետը 8 ամիս առաջ կարգալույծ հռչակվեց, այդ որոշումը չի վիճարկում, բայց ասում է՝ տասնամյակներով չլուծվող հարց է դարձել եկեղեցին Սահմանադրություն չունի:
«Մինչև այսօր փաստաթղթավորված, այսինքն թղթի վրա գրված որևէ կանոն, օրենք, որ հաստատված է եկեղեցու կողմից, որ իմանաս՝ այս մարդը խախտում է օրենքը ու պետք է պատասխանատվության կանչվի, չկա նման բան: Կաթողիկոսը եպիսկոպոս է, որը հավասարների մեջ առաջինն է, իրավունք չունի մի եպիսկոպոսին, լինի քմահաճություն, լինի անձնական ոխ կամ դրդում, իրավունք չունի պարզապես միանձնյա կարգալույծ անել մի եպիսկոպոսին: Եպիսկոպոսին կարող է կարգալույծ անել Եպիսկոպոսական ժողովը», - ասաց նա:
Ըստ նախկին հոգևորականի՝ խնդիր է նաև այն, որ եպիսկոպոսական կարգից զրկվելուց առաջ հոգևորականը զրկվել է իրեն պաշտպանելու հնարավորությունից, Մայր Աթոռ քննարկման չի կանչվել: Էջմիածնի հայտարարությունից հասկանում ենք, որ թեմի առաջնորդը պաշտոնանկությունից հետո պետք է Մայր Աթոռ՝ Մայրավանք տեղափոխված լիներ: