Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայերին և քաղբանտարկյալներին

Եվրախորհրդարանի նիստը Ստրասբուրգում, արխիվ
Եվրախորհրդարանի նիստը Ստրասբուրգում, արխիվ

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին և հարգել նրանց հիմնարար իրավունքները: Բանաձևով Եվրախորհրդարանը վերահաստատել է իր խորը մտահոգությունը հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների շարունակվող կալանավորման առնչությամբ:

Բանաձևը նշում է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումները քաղաքական ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ քաղաքական հետապնդումների և ավելի ու ավելի խիստ ազատազրկման դատավճիռների միջոցով:

Կոչ է արվում ազատ արձակել անցած նոյեմբերից կալանավորված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, 13 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշպան Անար Մամեդլիին և մյուս քաղաքական բանտարկյալներին:

Բանաձևի հեղինակները հիշեցնում են այս հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դել Լայենի և սեպտեմբերին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի Ադրբեջան կատարած այցի մասին և շեշտում՝ «ցավում են, որ ԵՄ ներկայացուցիչները Ադրբեջան կատարած վերջին բարձրաստիճան այցերի ընթացքում հրապարակայնորեն չեն բարձրացրել քաղբանտարկյալների հարցը և չեն պահանջել նրանց ազատ արձակումը»:

«Նման լռությունը սպառնում է հեղինակազրկել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականությունը: ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետագա խորացումը պետք է պայմանավորված լինի քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակմամբ և անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների դադարեցմամբ», - նշված է բանաձևում, որը պարտադիր կատարման ենթակա չէ:

Ադրբեջանի մեջլիսը պատասխանում է

Ադրբեջանի Միլլի մեջլիսը «կանխակալ քաղաքական ակցիա» է որակել Եվրախորհրդարանի զեկույցը՝ պնդելով, թե այն «հեռու է օբյեկտիվությունից»:

«Ադրբեջանի դեմ Եվրոպական խորհրդարանի նպատակաուղղված քաղաքական գիծը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո է՛լ ավելի է առճակատման բնույթ ստացել», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ վստահեցնելով, թե Բաքուն «միշտ նվիրված է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման և իրավական պետության սկզբունքների հետևողական իրականացման դիրքորոշմանը»:

Մեջլիսը անհանգստացնող է որակում նաև այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանը բանաձևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման փուլում, և պնդում, թե նման նախաձեռնությունները դժվարացնում են փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը և միջպետական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հավելյալ խոչընդոտներ են ստեղծում:

«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը և Հայաստանը ջանքեր են գործադրում բազմամյա հակամարտության կարգավորման համար, անհանգստություն է հարուցում Եվրպական խորհրդարանում առանձին քաղաքական ուժեր ներկայացնող ապակառուցողական տարրերի՝ վերստին քաղաքական և ռազմական լարվածություն ստեղծելու ձգտումը», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ է պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, նրանք դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG