Ադրբեջանում այս շաբաթ երկու իրավապաշտպան և մեկ ակտիվիստ են ազատազրկման դատապարտվել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ 8.5 տարվա ազատազրկման է դատապարտել թալիշ ակտիվիստ Քամալ Իսաևին, «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տեղեկացրել են նրա հարազատները:
Դատախազը 9.5 տարի էր պահանջել Իսաևի համար, որը Ռուսաստանի քաղաքացի է, հայտնի է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների մասին համացանցում իր ելույթներով, և, ըստ որոշ տեղեկությունների, անցյալ տարի ձերբակալվել էր Ստամբուլում և բերվել Բաքու։
Նա մեղադրվում է պետության դեմ բացահայտ կոչեր անելու (ՔՕ 281.2 հոդված), Ադրբեջանի տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված ատրիբուտների և խորհրդանիշների տարածման (ՔՕ 281-1.2 հոդված) և ուժով կամ ուժի սպառնալիքով ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու (283.2.1) համար։
Հարազատների խոսքով՝ պաշտպանությունը դատարանում չի համաձայնել մեղադրանքների հետ։ Նրանք ընդգծել են, որ Իսաևի գործունեությունն ուղղված է եղել բացառապես թալիշերեն լեզվի և ազգային-մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Պաշտպանները նաև նշել են, որ մայրենի լեզվի զարգացումը միջազգային չափանիշներով երաշխավորված հիմնարար իրավունքներից մեկն է ազգային փոքրամասնությունների համար՝ նրանց մշակութային ինքնության պաշտպանության առումով։
Իսաևն ինքն էլ ելույթ է ունեցել՝ ասելով, որ միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և երբեք խտրականություն չի դրսևորել որևէ էթնիկ խմբի նկատմամբ։ Նա խնդրել է հանել մեղադրանքները և ազատ արձակել իրեն։
Եվս երկու վճիռ
Մեկ օր առաջ էլ՝ սեպտեմբերի 7-ին 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանի ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի նախկին ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլին: Նույն գործով անցնող ակտիվիստ Անար Աբդուլլաևն էլ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, հաղորդում է OC Media-ն։
Մամեդլին ձերբակալվել է անկախ լրատվամիջոց Abzas Media-ի դեմ գործով՝ մաքսանենգության մեղադրանքով։ Ավելի ուշ մեղադրանքներին ավելացվել են ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ մի քանի հոդվածներ, այդ թվում՝ արժույթի մաքսանենգություն, անօրինական ձեռնարկատիրություն, հարկերից խուսափել, փաստաթղթերի կեղծում և փողերի լվացում։
Նա ձերբակալել և մեղադրանք էին առաջադրել 2024 թվականի ապրիլին։ Նա հերքում է մեղադրանքները, և միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, նրան քաղաքական բանտարկյալ են ճանաչում։
«Պատիժ քննադատներին»
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը հայտարարել է, որ այս դատավճիռն ընդգծում է, թե ինչպես են խստորեն պատժվում լրագրողներն ու իշխանության այլ քննադատները, որոնք «բացահայտում են կառավարության չարաշահումները և մարտահրավեր են նետում նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի շահերին»։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները 2009 թվականից ի վեր «ավելի ու ավելի են խստացրել իրենց քննադատող ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները»։
«Խոսքի ազատության աճող սահմանափակումների ֆոնին, շատ կազմակերպություններ ռազմավարություններ են ընդունել իրենց օրինական գործունեությունը շարունակելու համար: Այնուամենայնիվ, իշխանությունները փորձել են քրեականացնել այս ջանքերը՝ հարկային, արժութային և այլ կարգավորիչ ծանր պահանջների միջոցով, որոնք նախատեսված են նրանց գործունեությունը խոչընդոտելու համար»,- ասվում է Ստրութերսի հայտարարությունում:
«Խորը վշտի և ամոթի օր»
Human Rights House Foundation իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարիա Դալեն դատավճիռը որակել է «խորը վշտի և ամոթի օր» և կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մամեդլիին։
«Անկասկած, այս դատավճիռը իրենից ներկայացնում է պատիժ՝ Մամեդլիի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ընտրությունների մոնիթորինգի և իր հայրենիքում ժողովրդավարության համար պայքարի անկախ և օրինական աշխատանքի համար։ Նրա դեմ մեղադրանքները լիովին քաղաքական դրդապատճառներ ունեն, և նրա դատապարտումը Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ պատասխան գործողություն է»,- ասել է Մարիա Դալենը։
«Նրա դատավճիռը տեղի է ունենում Ադրբեջանի վերջին շրջանի պատմության քաղաքական բռնաճնշումների ամենադաժան փուլերից մեկի ֆոնին։ Այն երկրում անկախ քաղաքացիական հասարակության մնացած մասի նկատմամբ ավելի լայնածավալ ճնշման մաս է կազմում, որտեղ լրագրողները, ակտիվիստները, գիտական աշխարհի անդամները և մարդու իրավունքների պաշտպանները բախվում են քաղաքական դրդապատճառներով կալանավորումների, բռնությունների, քրեական մեղադրանքների և աքսորի»,- նշել է նա։
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տվյալներով՝ 2026 թվականի մայիսի դրությամբ Ադրբեջանում կա 328 «քաղաքական բանտարկյալ»։
2025 թվականի հունիսին Ադրբեջանը Abzas Media-ի գործով ձերբակալված աշխատակիցներին դատապարտեց երկարատև դատավճիռների՝ 7.5-ից մինչև 9 տարվա ազատազրկման։