Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ: Այս մասին իր ֆոյսբուքյան էջում գրել է Պապոյանը:
Նրանք քննարկել են Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։
Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին անդրադարձել են շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։
Կարևորելով Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները՝ նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։
Նախօրեին Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել էին սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում: Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը: