Հոգևոր նորոգման օրակարգը հասել է բանակային կորպուսներ, ահազանգում է Գորիս հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը: Նշում է՝ հրամանատարները ճնշում են գնդերեցներին. կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը հավաքել է Սյունիքի մարզի բանակի բոլոր հոգևորականներին:
«Սաղին կանչել է, կարծիք հարցրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց քահանան:
Գորիսի հոգևոր հովվին գնդերեցները պատմել են նաև սպառնալիքի մասին, որ ստացել են իրենց անմիջական ղեկավարներից. «Ասել են՝ եթե չմիանաք, գնալու եք, շարքային ծառայող դառնաք»:
Զինված ուժերում այսօր շուրջ 40 գնդերեց է ծառայում, նրանք շարքային- պայմանագրայիններ են, հիմնականում սարկավագներ:
Ոչ միայն Սյունիքում, բանակային բոլոր կորպուսներում համատարած գնդերեցներին փորձում են ներքաշել բարենորոգման արհեստական շարժման մեջ, պնդում է Մայր աթոռի միաբաններից Հովհաննես աբեղա Թորգոմյանը: Նա շեշտում է՝ 6 տարի բանակում հոգևոր ծառայություն է մատուցել, բանակը նվիրական կառույց է համարում. տեղեկությունը ստուգված է, բողոքները հենց հոգևորականներից է լսել:
«Կանչել են հրամանատարի մոտ և թուղթ են ներկայացնում, որ արդյոք նրանք միանում են այս կեղծ օրակարգին, թե չէ, ու ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ, որ բոլոր գնդերեցներին, ում հետ ես անձամբ շփում ունեմ, զանգեմ: Բոլոր կորպուսի գնդերեցներին զանգել են, բոլորն էլ հաստատեցին, որ նման գործընթաց կա», - ասաց նա:
Հովհաննես աբեղային ցուցումների մասին պատմել են, ահաբեկելու վերաբերյալ՝ ոչ , բայց ասում է՝ հրամանատար է եղել՝ ստել է, թե «քո առաջնորդը միացել է բարենորոգողներին, դու էլ միացի»:
Աբեղան կաթողիկոսական գահի շուրջ ծավալվող կրքերը քաղաքական է համարում, դրանում ներգրավվելն, ասում է, բանակի գործը չէ:
Այնպես չէ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հակառակն է պնդել, նա էլ է ասում՝ բանակը քաղաքականության հետ գործ չունի:
«Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ», - երկու օր առաջ կայացած ասուլիսին ասել է Պապիկյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ են զինվորականներն այժմ տարվել հոգևոր ռեֆորմով, ու գնդերեցներից աջակցող հայտարարություններ են փորձում պոկել. ըստ որոշ քահանաների՝ նաև սպառնալիքներով: Պաշտպանության նախարարության խոսնակը գնդերեցների հետ հրամանատարական զրույցները չի բացառում, բացառում է սպառնալիքները:
«Գնդերեցների, ընդհանուր առմամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք տարատեսակ թեմաների շուրջ զորամասերի հրամանատարության հետ ծառայողական և նաև ոչ ծառայողական թեմաների շուրջ բազմաթիվ քննարկումներ կարող են ունենալ, չէ՞ որ առկա են նաև միջանձնային հարաբերություններ: Ինչ վերաբերում է գնդերեցներին այս կամ այն հարցի առնչությամբ սպառնալուն, ապա նման տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի ստացել, և հերքում ենք այդ տեղեկատվությունը», - նշել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Մայր Աթոռից հայտարարում են՝ իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, և դա լուրջ հարված է հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին:
Հայաստանի վարչապետն այսօր էլ է հայտարարել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն է սպառնալիք երկրի անվտանգության համար, ահա թե ինչու է ինքը ոչ միայն որպես հավատացյալ, նաև որպես վարչապետ գործի անցել: