Մատչելիության հղումներ

ԵՄ խումբը Հայաստան գալու դեպքում հիմնականում ԿԸՀ-ի հետ կաշխատի. փոխնախարար

Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը համաձայն չէ գնահատականների հետ, որ Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու ԵՄ մտադրությունը միջամտություն է լինելու Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նա այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ բացատրեց, թե այդ հնարավոր առաքելությունն ինչ է ենթադրում:

«Խոսքը աջակցության մասին է, և այդ աջակցությունը տեխնիկական, էքսպերտային աջակցություն է: Մենք, հաշվի առնելով մեր ԵՄ գործընկերների լավագույն փորձը, որովհետև իրենք այդ հարցերի վերաբերյալ լավ ինստիտուցիոնալ փորձ ունեն, պատրաստ ենք այդ փորձը իրենցից վերցնել: Իրենք էլ պատրաստ են այդ փորձով կիսվել, և ես այդտեղ որևէ վատ կամ խնդրահարույց բան չեմ տեսնում»,- նշեց Դադունցը:

Փոխնախարարը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե Եվրամիության քայլերն ուղղված են լինելու Ռուսաստանի դեմ.
«Եկեք այդպես չմեկնաբանենք, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատ ունի ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու և գործընթացի օրինականությունն ապահովելու համար: Եվ դա տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, օրինակ՝ օրենքի հակասող քարոզչության ձևերի իրականացումը կամ օրենքի շրջանցմամբ նվիրատվությունները»:

«Մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում այդ դրսևորումների դեմ պայքարելու համար: Դա նաև մեր քաղաքացիների շահերից է բխում, որովհետև նրանց քվեն երաշխավորված է լինելու: Հիմա այնքան են զարգացել տեխնոլոգիական միջոցները, որ հիմա կարելի է շատ տարբեր միջոցներով հակաիրավական միջամտություններ անել, հակաօրինական գործունեությամբ զբաղվել, որ անգամ մենք չնկատենք, բայց կան մարդիկ, որոնք ունեն փորձ ու գիտելիք ու պատրաստ են մեզ հետ կիսվել»,- շարունակեց Դադունցը:

«Ազատության» հարցին, թե Հայաստանի որ կառույցների հետ են աշխատելու ԵՄ ներկայացուցիչները գալու դեպքում, պաշտոնյան ասաց՝ առավելապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Իսկ հնարավո՞ր է ԵՄ այդ փորձագետները միջամտեն գրանցումների հարցին և խորհուրդներ տան չգրանցել որևէ ուժի, Դադունցն ասաց՝ նրանք այդպիսի իրավասություն չունեն:

«Նույնիսկ եթե նման խորհուրդ լինի, միևնույն է՝ այդ գրանցումներն իրականացվում են օրենքի համաձայն, ու եթե թեկնածուն ու կուսակցությունը օրենքին համապատասխանում են, ոչ ոք չի կարող իրեն չգրանցել»,- հավելեց փոխնախարարը:

Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։

XS
SM
MD
LG