Մարդու իրավունքների 7 անվանի փորձագետներ իրենց փաստահավաք առաքելության նախնական գնահատականում մտահոգություն են հայտնում Հայաստանում ընտրություններին արտաքին միջամտության վերաբերյալ:
IODA-ն (International Observatory for Democracy in Armenia)՝ Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը, որը ստեղծվել է հատուկ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը դիտարկելու համար, մարտի 7-12-ը փաստահավաք առաքելություն իրականացնելուց հետո իր նախնական գնահատականում նշում է, որ «Եվրամիությունը, ամերիկացի, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները փորձել են ազդել հայաստանյան ընտրական գործընթացի վրա՝ հրապարակային աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին»:
«Հայաստանի ապագայի համար լավ չէ, որ այսպես շարունակվի այդ լարվածությունը, և մյուս երկրները որոշեն՝ ովքեր պիտի լինեն իշխող այս երկրում: Պետք է Հայաստանի ժողովուրդը որոշի», - «Ազատության» հետ զրույցում ասաց
IODA-ի հիմնադիրը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար, Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետ, ֆրանսահայ Ֆիլիպ Քալֆայանը, ով այժմ էլ Ֆրանսիայի Ազգային դատարանի գործող դատավոր է:
«Դուք այսինքն կարծում եք՝ հիմա Հայաստանում պայքար է գնում Ռուսաստանի և Արևմուտքի՞ միջև», - այս հարցին նա արձագանքեց. - «Այո, այո, այսինքն՝ ժողովրդի համար, ժողովրդավարության համար էդ պայքարը մերը չէ, այսինքն՝ Հայաստանի պայքարը չէ: Եվ այս երկիրը պիտի տուժի էդ պայքարից»:
Մատնանշելով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված 15 միլիոն եվրո աջակցությունը ռուսական միջամտության դեմ, ԱՄՆ փոխանախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակացությունը Նիկոլ Փաշինյանին, Քալֆայանը պնդում է՝ Հայաստանը պետք է չեզոքացնի ռուսամետ կամ արևմտամետ բաժանումն այս ընտրությունների ընթացքում:
«Այդ ձևով միջամտելը [Հայաստանի ներքաղաքական գործընթացներին] Եվրոպայի կողմից ինձ համար անընդունելի է. նախ 15 միլիոն եվրո նվիրեցին Կառավարությանը, որպեսզի կարողանա հակագործունեություն տանել իբր թե հիբրիդային պատերազմի հետ կապված», - նշեց Քալֆայանը՝ հավելելով. - «Նույնիսկ Եվրոպան երբեք որակում չի տվել, [թե ինչ է նշանակում] այդ հիբրիդայինը [պատերազմը]»:
«Անընդունելի է, որ ինչ արեց, օրինակ, Միացյալ Նահանգների փոխնախագահը. եկավ և բոլորի առջև ասաց՝ «մեր թեկնածուն Փաշինյանն է», այդ ձևով չասաց, բայց ուրիշ ձևով ասաց, այսինքն՝ ուղիղ աջակցեց» - ընդգծեց IODA-ի հիմնադիրը:
IODA-ն իր նախնական գնահատականում արձանագրում է, որ թեև Կառավարությունը մի շարք ընդդիմադիր առաջնորդների, հոգևորականների և քաղաքական ուժերի մեղադրել է «ռուսամետ» լինելու մեջ, բայց «մինչև այժմ որևէ ապացույց չի ներկայացրել այդ խմբերի կողմից ապօրինի գործողությունների վերաբերյալ»:
Հարկ է նկատել, որ Հայաստանում փաստահավաք առաքելություն իրականացնող այս կազմակերպության գործադիր խորհրդում ընդգրկված են մարդու իրավունքների պաշտպանության արևմտյան մի շարք հայտնի փորձագետներ, օրինակ՝ ամերիկացի Քենեթ Ռոթը, ով շուրջ 30 տարի ղեկավարել է Արևմուտքում հայտնի Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը, այժմ էլ սյունակագիր է բրիտանական The Guardian-ում։
Կազմակերպության գործադիր մարմնում են շուրջ 20 տարի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու միջազգային այլ կառույցների աշխատակից, բրիտանացի փաստաբան Մարկ Ջոնսը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող կանադացի Բրայան Մեյը, ով մինչև անցած տարի Կանադայի վարչապետի խորհրդարանական քարտուղարն էր, և այլ արևմտյան գործիչներ:
Հայաստանում իրականացրած մոնիթորինգից հետո, կազմակերպության հիմնադիր Ֆիլիպ Քալֆայանը նշում է, թե Արևմուտքի և Ռուսաստանի միջև բաժանարար գծեր ստեղծելու և հիբրիդային պատերազմի վախեր տարածելու փոխարեն անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը ազատ և մրցակցային ընտրություններ ապահովի քաղաքական բոլոր ուժերի համար:
«Պայմանները լինեն, որպեսզի արդար ընտրություն լինի՝ արդար և ազատ, այսինքն՝ առանց բանտարկելու ընդդիմությունները՝ կասկած ունենալով, որ արտասահմանից գործակալ է: Սա շատ կոպիտ ձև է՝ խախտելու այս ընտրությունը», - ընդգծեց Քալֆայանը:
«Իոաննիսյանի ասածը ապատեղեկատվություն է»
Ի դեպ, ֆրանսահայ գործիչն այս համատեքստում անընդունելի է համարում հայաստանյան «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանի այն պնդումը, թե Ռուսաստանը ծրագրում է 80 հազար ընտրող բերել Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և այդ կերպ աջակցեն ինչ-որ ընդդիմադիր ուժի:
Քալֆայանը սա ապատեղեկատվություն է որակում՝ պնդելով, թե նույն օրը իրենց թիմով եղել են Քննչական կոմիտեում, որտեղ հանդիպել են ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ, և վերջինս նշել է ոչ թե 80 հազար, այլ ընդամենը մոտ 20 դեպքի մասին:
Ի դեպ, Ֆիլիպ Քալֆայանն ասում է, որ փորձել են հանդիպել նաև Դանիել Իոաննիսյանին, սակայն նա չի արձագանքել իրենց նամակներին:
«Այս NGO-ն հրապարակեց մի շատ ֆանտաստիկ լուր, որտեղի՞ց ունի էդ տեղեկությունները: Մի քիչ կասկածելի է, գիտե՞ք, որովհետև էդ քանակները՝ ավելի շատ քարոզչություն է թվում, ապատեղեկատվություն, քան՝ իրականություն», - նշեց Քալֆայանը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ IODA-ի թիմի հետ նման հանդիպում եղել է, բայց Ռուսաստանից Հայաստան 20 ընտրողներ բերելու դեպքի մասին որևէ խոսք չի եղել:
Օրերս Քննչական կոմիտեն ուսումնասիրություն սկսեց Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության և Ոստիկանության ներկայացրած հաղորդման հիման վրա: Արտաքին հետախուզական ծառայությունը պնդել էր, թե տվյալներ է ստացել, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ֆինանսապես աջակցեն որոշ քաղաքական ուժերի: Ծառայությունը, սակայն, այդպես էլ չէր նշել, թե ո՞ր երկրում են ճնշում հայ գործարարներին:
«Մի քանի տարի է՝ տեսնում եմ, որ իրավական պետությունը տկարացավ, որովհետև իշխանական ուժը կենտրոնացավ մի մարդու ձեռքը: Այո, վարչապետի», - ընդգծեց IODA-ի հիմնադիրը:
Մարդու իրավունքների 7 անվանի փորձագետներ իրենց փաստահավաք առաքելության նախնական գնահատականում մտահոգություն են հայտնում նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների «քաղաքական շարժառիթներով ձերբակալությունների և կալանքների» մասին՝ նրանց թվում առանձնացնելով նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և չորս արքեպիսկոպոսներին:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարն ասում է, որ «ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը հիմնավորված չէ». - «Երբ որ նայում ենք իր ասածը, և ինչ տեսակ մեղադրանք եղավ իր դեմ, այո, այսօր կարող ենք ասել, որ անիմաստ է էդ մեղադրանքը»:
Ի դեպ, IODA-ն, դիտարկելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը, բարձրաձայնում է ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին թիրախավորելու, այլև դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձերի, նաև՝ ընդդիմախոսների դեմ անվտանգության կառույցների ակնհայտ օգտագործման մասին:
Փաստահավաք առաքելության ընթացքում իրենց նախնական գնահատականները կազմելիս կազմակերպության անդամները հանդիպել են ընդդիմադիր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հանդիպումներ են եղել նաև պետական մարմիններում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում, Բարձրագույն դատական խորհրդում:
Իշխող ՔՊ խմբակցությունը «չի ընդունել» փաստահավաք խմբին
Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, ըստ Ֆիլիպ Քալֆայանի, հրաժարվել են հանդիպել իրենց հետ: Ընդ որում, ՔՊ-ին նամակ են ուղարկել, հետո՝ զանգահարել, այնտեղից փոխանցել են, թե որոշում չունեն:
Իշխող ուժի հանրային կապերի պատասխանատու, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, այդուհանդերձ, «Ազատությանը» փոխանցեց, թե տեղյակ չէ այդ ամենից:
«Չընդունեցին մեզ: Ինչո՞ւ՝ չգիտենք, բայց նշան է, չէ՞, չեն ուզում լսել կամ չեն ուզում պատասխանել մեր հարցումներին, կարճատես մտայնություն է», - ասաց Քալֆայանը:
Փաստահավաք խումբը ծրագրում է Հայաստան վերադառնալ ապրիլին, այն ժամանակ արդեն մտադիր են են իրենց նախնական զեկույցը ներկայացնել ոչ միայն միջազգային կառույցներին ու եվրոպական երկրների կառավարություններին, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե իհարկե ընդունելության արժանանան:
Ֆիլիպ Քալֆայանն ասում է, որ իրենք անկախ կառույց են, որը կազմված է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից: Նրանք իրենց փաստահավաք գործունեությունն անում են անվճար, իսկ կեցության և ճանապարհային ծախսերը հոգացել է Վաշինգտոնում տեղակայված ամերիկյան՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական կենտրոնը, որի ղեկավար կազմում է ամերիկահայ հանրահայտ քաղաքական խորհրդատու Քեն Խաչիկյանը: