Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մտադիր է «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկել ՀՀ. ընդդիմությունը դա համարում է միջամտություն, իշխանությունը՝ աջակցություն

Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու Եվրամիության մտադրությունն ընդդիմությունը համարում է միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին, իշխանությունը՝ աջակցություն, որ պայքարեն սպառնալիքների դեմ:

Երևանի խնդրանքով Բրյուսելը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսի խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար: «Ազատության» տրամադրության տակ հայտնված Հայաստանի արտգործնախարարի նամակից պարզվել է, որ Արարատ Միրզոյանն է Բրյուսելին խնդրել արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

«Նախկինում ևս Եվրամիությունն անգամ ֆինանսական հատկացման մասին էր խոսել՝ ապատեղեկատվության դեմ, հիբրիդային հարձակումների դեմ Հայաստանին աջակցելու համար, սա մեծ հաշվով թեմայի շարունակությունն է», - ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Անցած դեկտեմբերին Բրյուսելից նախ հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Երևանին, որ օգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ Ավելի ուշ արդեն Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը հայտնել էր, որ հենց Երևանն է դիմել աջակցության խնդրանքով:

«Ազատության» տրամադրության տակ եղած տեղեկություններից երեկ արդեն պարզ դարձավ, որ Բրյուսելից նախատեսում են արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան:

«Սա իրականում մեծագույն խայտառակություն է: Ներհայաստանյան քաղաքական իրավիճակին ավելի ակնառու խառնվելու օրինակ դժվար թե կարեի է գտնել, քան այն, ինչ որ արվում է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հասմիկ Հակոբյանն էլ ընդգծեց. «Եվրամիությունը տարբեր աջակցության ծրագրեր իրականացրել է Հայաստանում ոչ միայն մեր իշխանավարման տարիներին, այլև դրանից առաջ: Աջակցությունը որևէ երևույթի դեմ պայքարելու համար դիտարկել որպես քաղաքական միջամտություն, ուրեմն դա պետք է վերագրել նաև նախորդ ժամանակաշրջանին»:

Թե ի՞նչ մասնագետների կարիք ունեն Երևանում, գալու դեպքում ո՞ր կառույցների հետ են համագործակցելու և կոնկրետ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու, հայտնի չէ: Արտաքին գործերի նախարարության խոսնակը միայն փոխանցեց՝ մոտ երկու ամիս առաջ այս հարցի վերաբերյալ արված մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունի: Իսկ երկու ամիս առաջ Անի Բադալյանը նշել էր, որ Եվրամիության հետ կան քննարկումներ ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ, իսկ որոշումների դեպքում կտեղեկացնեն:

Մինչ այժմ, սակայն, դեռ կոնկրետ որոշումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել: Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական նոտաների համաձայն՝ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։

Կրեմլից հիբրիդային պատերազմը շարունակո՞ւմ են, հարցին Արտաքին հարաբերությունների իշխանական անդամն արձագանքեց. «Հատկապես քաղաքական դերակատարները պետք է շահագրգռված լինեն Հայաստանի Հանրապետությունը հիբրիդային, օտարերկրյա սպառնալիքներից զերծ պահելու գործունեությունը, պետք է աջակցեն այս օրակարգին, որովհետև այսօր աշխարհն է դրա դեմ պայքարում: Դա ո՞ր երկրից է, ես չեմ կարող հստակ ասել, բայց կան տարբեր դեպքեր, երբ հենց ուղիղ Ռուսաստանից է, հենց նրանք են հայտարարում, որ պետք է հատուկ օպերացիա իրականացվի Հայաստանում»:

Մոտ երկու շաբաթ առաջ Մոսկվայում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները տարօրինակ էր որակել, Սիմոնյանը առնվազն հրապարակային Լավրովին չէր պատասխանել:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ հիբրիդային պատերազմը իշխանությունն է հորինել, որ ընտրություններին ապօրինությունները քողարկեն:

«Ինչ վերաբերում է այդ իբր հիբրիդային կոչված պատերազմի դեմ պայքարի կենտրոն, ենթադրելու եմ, որ դա տեղակայվելու է ֆեյքերի ՊՈԱԿ-ում և դառնալու է իրականում իշխանությանը տոտալ սատարող, մեծ գումարներ ծախսող մի համակարգ, որն իշխանությունը ծառայեցնելու է ընտրություններին սեփական գոյություն չունեցող հեղինակությունը բարձրացնելու համար», - նշեց Մանուկյանը:

Բրյուսելը նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որ աջակցեն Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։

ԵՄ անդամ պետությունները Հայաստանի համար դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:

Իշխանական պատգամավորի պատկերացմամբ՝ ընդդիմադիրները այս աջակցությունը քննադատելու փոխարեն պետք է շնորհակալ լինեն. «Դա ուղիղ պայքար է վտանգավոր երևույթի դեմ, որ այդ հիբրիդային հարձակումներն այսօր պակաս վտանգավոր չեն հասարակությունների համար, քան ուղիղ ֆիզիկական այդ հարձակումները»:

«Իշխանությունը դառնալու է շատ ավելի անբարտավան, շատ ավելի ոտնատակ է տալու օրենքներ, վստահ լինելով, որ դա որևէ միջազգային կառուցի կողմից դատապարտման, քննադատության չի արժանանալու և շատ ավելի անբարտավան շարունակելու է անօրինական գործունեությունը», - նշեց Գեղամ Մանուկյանը:

Հաստատման դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում կլինի ոչ մեծաթիվ՝ մի քանի փորձագետներից բաղկացած թիմ:






XS
SM
MD
LG