Մատչելիության հղումներ

ԵՄ խորհուրդն ընդունեց Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունեց Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանը աջակցելու համար:

Այս միջոցառումները կազատականացնեն Հայաստանից ԵՄ արտահանումների շուրջ 80 տոկոսը, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Այս կարգավորումը կգործի երկու տարի:

«Արտոնյալ ռեժիմը նախատեսում է որոշակի պայմաններ և ներառում է պաշտպանական միջոցներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու համար այն դեպքերում, երբ ներմուծումը բացասաբար է անդրադառնում ԵՄ արտադրողների վրա», - ասված է հայտարարությունում։

Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում ԵՄ-ին ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: ԵՄ-ի գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:

Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։

Երևանին Բրյուսելի աջակցության մասին «Ազատություն»-ը դեռ երեք ամիս առաջ էր հաղորդել, մեկ ամիս անց էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել:



XS
SM
MD
LG