Մատչելիության հղումներ

ԵՄ-Հայաստան գործընկերությունը առաջ է շարժվում ավելի արագ, քան երբևէ. Լայեն

Լրացված

Նյու Յորքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների։

Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին և այդ նպատակով ընդունվող որոշումները: Հայաստանի վարչապետն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման մասին X-ի իր էջում հրապարակում է արել՝ նշելով, որ ԵՄ-Հայաստան գործընկերությունը առաջ է շարժվում արագ և ավելի ուժեղ, քան երբևէ։

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ՝ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով։ Այժմ Հայաստանի՝ դեպի ԵՄ շուկա արտահանման 80%-ն արդեն ազատված է մաքսատուրքերից։ Ակնկալում ենք, որ ԵՄ օրենսդիրները վաղը վերջնականապես կընդունեն այս միջոցառումները՝ ռեկորդային կարճ ժամկետում։ Եվ, վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը», - նշել է Լայենը։

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը:

Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:

Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures - ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:

Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։


XS
SM
MD
LG