«Ապօրինությունները շարունակվում են», - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի շուրջ տեղի ունեցող զարգացումներին այսպես արձագանքեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող խոշոր բիզնեսներում վերջին օրերին տեղի ունեցող խուզարակություններին ու ընկերությունների կապարակնքմանը՝ միլիարդատեր գործարարն ասաց, թե «շատ մեծ վտանգ է տեսնում» ներդրումների համար:
«Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին և թե՛ արտաքին ներդրողներին: Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր», - նշեց Կարապետյանը:
«Էդ մարդու չուչելներն [խրտվիլակներ՝ ռուսերեն. - խմբ.] էլ գողացան... Առյուծները ոչինչ, կարթնացնեն հետները կտանեն Ազգային ժողով, չուչելները չհասկացա», - հայտարարեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը:
Երեկ իրավապահները խուզարկություններ իրականացրեցին ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի տանը և բիզնեսներում, կապարակնքեցին, մասնավորապես, «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, Ծառուկյանի գլխավորած Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի շենքը:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ քննչական գործողությունների ընթացքում իրենց առաջարկով «մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի»։ Քննչական կոմիտեն էլ հայտնեց, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
«Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական»
Խոսելով փողոցային պայքարի հնարավորության մասին, Սամվել Կարապետյանը հիշեցրեց՝ «փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական»:
«Դրա համար մի քանի տրիգերներ են պետք, մենք ուշադիր ենք լինելու, էդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե՛ փողոցային պայքար, թե՛ Ազգային ժողովում պայքար», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:
Խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հետո ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի առաջնորդը չհամաձայնեց դիտարկմանը, որ մանդատները վերցնելով և խորհրդարան գնալով ճանաչում են իշխանության լեգիտիմությունը: Սամվել Կարապետյանը պնդեց, թե դա Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենակարճ ճանապարհն է:
Միլիարդատեր գործարարը նշեց, թե իրենք գնում են իշխանափոխության օրինական ճանապարհով, ասաց, թե կարող էին դուրս գալ փողոց, բայց դրանով «ցնցումներ կբերեն» երկրում:
«Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը՝ մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք», - վստահեցրեց Սամվել Կարապետյանը:
Ի դեպ, ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղեկացրեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորած եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: