Մատչելիության հղումներ

Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայում «ռուսական սպառնալիքը» վերացնելու հարցում. Թրամփ

Լրացված

ՆԱՏՕ-ն արդեն 20 տարի Դանիային զգուշացնում է, որ պետք է Գրենլանդիայում վերացնի «ռուսական սպառնալիքը», սակայն Կոպենհագենը ոչինչ չի կարողացել անել այս հարցում, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

«Հիմա ժամանակն է, և դա կարվի»,- սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը, որը բազմիցս է հայտարարել, թե ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ԱՄՆ անվտանգությունն ապահովելու համար: Թեև և՛ Դանիան, և՛ Գրենլանդիան պնդել են, որ կղզին վաճառքի ենթակա չէ և չի ցանկանում ԱՄՆ մաս կազմել։

Նորվեգիայի վարչապետին ուղղված նամակում էլ Թրամփը նշել է, որ ութ պատերազմ դադարեցնելուց հետո էլ Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու պարագայում այլևս պարտավորված չէ մտածել միայն խաղաղության մասին և կրկնել Գրենլանդիան վերցնելու իր պահանջը։ «Աշխարհն անվտանգ չէ, քանի դեռ մենք Գրենլանդիայի նկատմամբ լիակատար և բացարձակ վերահսկողություն չունենք», - նշել է նա:

Շաբաթ օրն էլ Թրամփը հայտարարել էր, որ «աշխարհի խաղաղությունը վտանգված է», Չինաստանը ցանկանում է տիրանալ Գրենլանդիային, և «Դանիան ոչինչ չի կարող անել» այդ հարցում: Նա նաև դժգոհել էր, որ Եվրոպան անցած շաբաթ փոքրաթիվ զորամիավորում ուղարկեց Գրենլանդիա՝ նշելով, որ նրանք «չափազանց վտանգավոր խաղ են խաղում» և «անկայուն ու անընդունելի ռիսկեր են ստեղծել»:

Թրամփը նաև հայտարարել էր եվրոպական ութ դաշնակից երկրի համար փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, որն ուժի մեջ կմնա այնքան, մինչև գործարք կնքվի ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու վերաբերյալ:

Եվրոպական երկրները համատեղ հայտարարությամբ արձագանքեցին Թրամփին՝ նշելով, որ այդ որոշումը վտանգավոր է և սպառնում է խաթարել դաշնակիցների հարաբերությունները:

Այսօր էլ Դանիայի վարչապետն է հայտարարել, որ Եվրոպան թույլ չի տա, որ ԱՄՆ նախագահն իրեն շանտաժի ենթարկի: Մետտե Ֆրեդերիկսենը սոցցանցում գրել է, որ Դանիան և Եվրոպան ոչ թե կոնֆլիկտ են ցանկանում, այլ համագործակցություն:

«Եվ ես ուրախ եմ մայրցամաքի մնացած մասի հետևողական ուղերձների համար. Եվրոպան չի ենթարկվի շանտաժի: Առավել կարևոր է, որ մենք հաստատակամորեն հավատարիմ մնանք եվրոպական համայնքի ստեղծման հիմնարար արժեքներին», - նշել է նա։

Դանիայի արտգործնախարարը, որն անցած շաբաթ էր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի և փոխնախագահի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը, իր հերթին հայտարարել է, որ մաքսատուրք սահմանելու մասին Թրամփի հայտարարությունն անակնկալ էր, քանզի ինքը կառուցողական քննարկում է ունեցել Վաշինգտոնում։ Լարս Լոկե Ռասմուսենն ասել է, որ կշարունակեն այդ երկխոսությունը:

«Մենք չենք հրաժարվի այդ երկխոսությունից։ Ես պայմանավորվածություն ունեմ ԱՄՆ փոխնախագահի հետ… Այնպես որ, մենք կշարունակենք հետևել մեր նպատակներին, եթե ԱՄՆ-ն այլ բան չորոշի», - ընդգծել է Ռասմուսենը։

Եվրահանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ ԵՄ-ն հաստատակամ է Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանության պահպանման իր հանձնառության հարցում: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ արկտիկական կղզու շուրջ զարգացումները քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և եվրոպացի

Եվրահանձնաժողովի խոսնակն էլ ասել է, որ ԵՄ-ն «բոլոր մակարդակներով» համագործակցում է ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ պատրաստվելով Թրամփի սպառնալիքին։ Օլոֆ Գիլն ասել է, որ ամեն ինչ անում են՝ իրավիճակը չսրելու համար և հայտնել, որ ԵՄ առաջնորդները հինգշաբթի արտահերթ հանդիպում են նախատեսում Բրյուսելում:

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ասել է, որ Գրենլանդիայի հարցը պետք է «հանգիստ քննարկման» միջոցով լուծել: Քիր Սթարմերը չի կարծում, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիայի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավորությունը: Նա նաև ասել է, որ մաքսատուրքերը չպետք է կիրառվեն դաշնակիցների դեմ, իսկ առևտրային պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում:

«Դաշինքները պահպանվում են, քանի որ կառուցված են հարգանքի և գործընկերության, այլ ոչ թե ճնշման վրա։ Ահա թե ինչու ես ասացի, որ դաշնակիցների դեմ մաքսատուրքերի կիրառումը բացարձակապես սխալ է։ Դա դաշինքում տարաձայնությունները լուծելու ճիշտ ձևը չէ, և ոչ էլ օգտակար է Գրենլանդիայի անվտանգությունը ամրապնդելու ջանքերը որպես տնտեսական ճնշման արդարացում ներկայացնելը», - ասել է Սթարմերը։

Սթարմերը նշել է, որ Գրենլանդիայի անվտանգությունը կարևոր է, և էլ ավելի կարևոր կլինի մինչ կլիմայի փոփոխությունը վերաձևավորում է Արկտիկան, բացվում են ծովային ուղիները, և ռազմավարական մրցակցությունը սրվում է։

Վաշինգտոնը կոշտ արձագանքի կարժանանա, եթե լրացուցիչ մաքսատուրքեր կիրառի եվրոպական երկրների դեմ, այսօր հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարը: Լարս Քլինգբեյլն ասել է, որ հիմա եվրոպացի դաշնակիցների հետ պատրաստում են պատասխան քայլերը. «Գերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել։ Թույլ չենք տա, որ մեզ շանտաժի ենթարկեն։ Եվրոպան միասնական, հստակ պատասխան կտա։ Եվ այժմ եվրոպացի մեր գործընկերների հետ պատրաստում ենք միասնական պատասխան միջոցներ»:

250 տարվա դաշնակիցների միջև շանտաժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը: Շվեդիայի ֆինանսների նախարարն էլ ասել է, որ ԵՄ-ն պետք է հակադարձի ԱՄՆ սպառնալիքներին: Էլիզաբեթ Սվանտեսոնի խոսքով՝ սա «նոր մակարդակի աբսուրդ» է, երբ ԱՄՆ նախագահը մաքսատուրքերը որպես սպառնալիք է օգտագործում՝ «փորձելով գնել կամ զավթել Գրենլանդիան»։

«Ամենակարևորն այն է, որ մենք միասին գործենք, ցանկալի է՝ ԵՄ բոլոր 27 անդամներով։ Մենք չենք կարող ձեռքներս ծալած կանգնել և խոնարհվել՝ սրան ի պատասխան: Մենք պետք է հակահարված տանք, քանզի այժմ այս ամենը հասել է մի մակարդակի, որը նախկինում չենք տեսել», - նշել է Սվանտեսոնը:

Գրենլանդիայի բնակիչները «Ռոյթերզ»-ին ասել են, թե դեմ են Թրամփի ծրագրին

«Նա կարծում է, որ կարող է վախեցնել մարդկանց։ Նա չի կարող վախեցնել գրենլանդացիներին։ Մենք չենք վախենում։ Մենք կպայքարենք նրանց դեմ մինչև վերջ և երբեք չենք հանձնվի։ Շատ ուրախ ենք, որ այդքան լավ դաշնակիցներ ունենք», - ասել է բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշել է. «Հուսով եմ՝ ամերիկացի ժողովուրդը կբացի աչքերը այն փաստի վրա, որ սա մարդկանց հետ վարվելու ձև չէ, բայց մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ»։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Գրենլանդիայի շուրջ զարգացումների պատճառով Դանիան չի մասնակցի Դավոսում այս շաբաթ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:




XS
SM
MD
LG