ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։
Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ մաքսատուրքը կվերաբերի Դանիային, Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Միացյալ Թագավորությանը, Նիդեռլանդներին և Ֆինլանդիային և կներառի բոլոր ապրանքները։ Իսկ հունիսի 1-ին այն կբարձրանա մինչև 25 տոկոս։
«Մենք տարիներ շարունակ սուբսիդավորել ենք Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ երկրների՝ նրանցից չգանձելով մաքսատուրքեր կամ որևէ այլ տեսակի վարձատրություն։ Դարեր անց հիմա ժամանակն է, որ Դանիան հատուցի»,- գրել է նա։
«Աշխարհի խաղաղությունը վտանգված է։ Չինաստանը ցանկանում է Գրենլանդիան, և Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ կապված», - գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ պնդելով, որ Գրենլանդիան պաշտպանված է միայն «երկու շնասահնակով»:
Թրամփը նաև նշել է, թե եվրոպական այս երկրները «անհայտ նպատակներով այցելել են Գրենլանդիա» և «շատ վտանգավոր խաղ» են խաղում և «պետք է ձեռնարկվեն խիստ միջոցներ», որպեսզի այս «հնարավոր վտանգավոր իրավիճակը արագ ավարտվի»։
ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն անում է ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ եվրոպական երկրները՝ Գրենլանդիան գնելու մասին Սպիտակ տան ղեկավարի ավելի վաղ արած հայտարարություններից հետո, փոքրաթիվ զորամիավորումներ ուղարկեցին Գրենլանդիա։
Թրամփի սպառնալիքը «անսպասելի» է․ Դանիայի արտգործնախարար
Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը, որն այս շաբաթ էր այցելել Վաշինգտոն, ուր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ քննարկել էր Գրենլանդիայի հարցը, ասել է, որ Թրամփի հայտարարությունն անակնկալ էր, քանզի կառուցողական քննարկում է ունեցել Թրամփի վարչակազմի հետ։
«Գրենլանդիայում ռազմական ներկայության ավելացման նպատակը, որի մասին խոսում է նախագահը, Արկտիկայում անվտանգության ամրապնդումն է։ Մենք համաձայն ենք ԱՄՆ-ի հետ, որ մենք պետք է ավելին անենք, քանի որ Արկտիկան այլևս ցածր լարվածության գոտի չէ: Հենց այդ պատճառով մենք և ՆԱՏՕ-ի գործընկերները լիակատար թափանցիկությամբ ենք մոտենում մեր ամերիկացի դաշնակիցներին»,- գրել է նա:
«Բավական է արդեն». Դանիացի պատգամավորներ
Դանիացի քաղաքական գործիչները ևս արձագանքել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեմոկրատների առաջնորդ Ինգեր Ստոյբերգը դանիական ազգային հեռարձակողին ասել է, որ Դանիան չպետք է խոնարհվի «Թրամփի բռնարար մեթոդների» առջև։
Մեկ այլ պատգամավոր՝ Պելլե Դրագստեդը, սոցցանցում գրել է, որ այս սպառնալիքներին «պետք է պատասխան տրվի եվրոպական համերաշխությամբ և դիմադրությամբ»։ «Բավական է արդեն»,- գրել է նա։
Մաքսատուրքերը «կխաթարեն հարաբերությունները»․ ԵՄ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, արձագանքելով Թրամփին, հայտարարել է, որ «Եվրամիությունը միշտ շատ վճռական կլինի միջազգային իրավունքի պաշտպանության հարցում... որը, իհարկե, սկսվում է Եվրամիության անդամ պետությունների տարածքից»։
Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լայենը նաև համատեղ հայտարարություն են արել, որում զգուշացրել են, որ այս մաքսատուրքերը «կխաթարեն հարաբերությունները» և կարող են վտանգավոր շղթայական ռեակցիա առաջացնել։
«Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են», - նշել են եվրոպացի առաջնորդները, որոնք անդրադարձել են նաև օրերս Գրենլանդիա եվրոպական զորքեր և նավեր ուղարկելուն՝ պարզաբանելով, որ դա պայմանավորված է Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությամբ, իսկ այդ զորքերը որևէ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում։
«ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Դանիայի և Գրենլանդիայի ժողովրդի հետ։ Երկխոսությունը շարունակում է կարևոր լինել, և մենք հանձնառու ենք շարունակել Դանիայի Թագավորության և ԱՄՆ-ի միջև անցյալ շաբաթ սկսված գործընթացը», - հավելել են նրանք։
«Մեզ վրա ոչ մի սպառնալիք չի ազդի»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ «ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը»՝ իր աջակցությունը հայտնելով Գրենլանդիային և Դանիային։
Էմանյուել Մակրոնը սոցցանցում գրել է, որ «մեզ վրա ոչ մի սպառնալիք չի ազդի», իսկ Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքները նա «անընդունելի» է որակել։ «Եվրոպացիները դրանց կարձագանքեն միասնական և համակարգված ձևով, եթե դրանք հաստատվեն, - գրել է նա, - մենք կապահովենք, որ եվրոպական ինքնիշխանությունը հարգվի»։
«Թույլ չենք տա, որ մեզ շանտաժի ենթարկեն»․ Շվեդիայի վարչապետ
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը մերժել է Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքները՝ հայտարարելով, որ «թույլ չենք տա, որ մեզ շանտաժի ենթարկեն»։
«Միայն Դանիան և Գրենլանդիան են որոշում Դանիայի և Գրենլանդիայի վերաբերյալ հարցերը։ Ես միշտ կպաշտպանեմ իմ երկիրը և մեր դաշնակից հարևաններին», - սոցցանցում գրել է նա՝ հավելելով, որ սա ամբողջ ԵՄ-ի խնդիրն է։
Դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը․ Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքը «լիովին սխալ» է։
«Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում շատ հստակ է՝ այն Դանիայի Թագավորության մաս է կազմում, և դրա ապագան գրենլանդացիների և դանիացիների որոշելիքն է»,- ասվում է Քիր Սթարմերի հայտարարությունում։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, որ «Արկտիկայում անվտանգությունը կարևոր է ամբողջ ՆԱՏՕ-ի համար, և դաշնակիցները պետք է միասին ավելին անեն՝ Արկտիկայի տարբեր մասերում Ռուսաստանից եկող սպառնալիքը հաղթահարելու համար»։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավաքական անվտանգությունն ապահովելու համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր կիրառելը բացարձակապես սխալ է։ Մենք, իհարկե, այս հարցը ուղղակիորեն կքննարկենք ԱՄՆ վարչակազմի հետ»,- հայտարարել է նա։
Նիդեռլանդները «ի գիտություն է ընդունում» Թրամփի սպառնալիքը
Նիդեռլանդները, որը ևս Թրամփի նոր մաքսատուրքերի թիրախում հայտնված երկրներից մեկն է, հայտարարել է, որ «ի գիտություն» են ընդունել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
Երկրի արտգործնախարար Դեյվիդ վան Վիլը սոցցանցում գրել է, որ Նիդեռլանդները «սերտ կապի մեջ է» ԵՄ մյուս անդամ պետությունների հետ՝ Թրամփին արձագանքելու վերաբերյալ։
Անդրադառնալով վերջերս Գրենլանդիա եվրոպական զորքերի տեղակայմանը՝ նա ասել է, որ դա ուղղված է Արկտիկական տարածաշրջանի անվտանգությանը նպաստելուն։
«Սպառնալիքները տեղ չունեն դաշնակիցների միջև»․ Նորվեգիայի վարչապետ
«Սպառնալիքները տեղ չունեն դաշնակիցների միջև», իր հերթին հայտարարել է Նորվեգիայի վարչապետը։ «Նորվեգիայի դիրքորոշումը անսասան է. Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում», - սոցցանցում գրել է Յոնաս Գահր Ստյորեն։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ում «լայն համաձայնություն» կա Արկտիկայում անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտության վերաբերյալ, այդ թվում՝ Գրենլանդիայում։