Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղում Անկախության հռչակագրին. Ջուլհակյան

Ազգային ժողովի նիստը, Երևան, 11-ը օգոստոսի, 2026թ.
Ազգային ժողովի նիստը, Երևան, 11-ը օգոստոսի, 2026թ.

Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղումը Անկախության հռչակագրին. սա խորհրդարանական այսօրվա քննարկումների ամենաառանցքային հայտարարությունն էր, որ արեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը:

Մոտ երկու տարի առաջ Անկախության հռչակագրի հետ կապված իր դիրքորոշումը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ իր կարծիքով՝ այն կոնֆլիկտածին է, և նոր Սահմանադրության մեջ այդ հղումը չպետք է լինի:

Այսօր արդեն պաշտոնապես և ուղիղ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարվեց, որ, փաստորեն, նոր Սահմանադրությունում չի լինելու հղումը Անկախության հռչակագրին, իսկ այդ փաստաթուղթը պարունակում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթ, որը նաև Բաքուն է պահանջում, որ հեռացվի Հայաստանի Սահմանադրությունից։

«Արդյո՞ք հանվել է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը։ Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և մեջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ։ Արդյո՞ք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում Անկախության հռչակագրին։ Ոչ, և չպետք է պարունակեր, և էդտեղ Ալիևը որևէ կապ չունի», - հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը:

Այն, որ նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը հեռացվում է Բաքվի պահանջով, ընդդիմության համոզմունքն է: Աննա Գրիգորյանը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը, այդ մասին կրկին այսօր հայտարարեց և պնդեց, որ իրենք որևէ կերպ չեն կարող նոր Սահմանադրության տեքստին կողմ լինել՝ հաշվի առնելով հենց այս հանգամանքը: Իսկ Բաքուն տևական ժամանակ է՝ հրապարակային հայտարարում է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի Սահմանադրությունից հեռացվի Անկախության հռչակագրին հղումը։ Նրանց գնահատմամբ՝ սա տարածքային նկրտումներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Էստեղ նստած մարդիկ ասում են՝ «մենք կողմ չենք քվեարկելու», ոչ թե, նախ, որովհետև, այո, ապագայի մասին մեր պատկերացումները, պետության մասին մեր պատկերացումները 180 աստիճան տարբերվող են և չեն կարող հատվել որևէ կետում, բայց մեզ, մենք լիազորված չենք կողմ քվեարկել այն Սահմանադրությանը, որ մենք կարծում ենք՝ Ալիևն է պարտադրել, վստահ ենք, որ էդպես է», - հայտարարեց Գրիգորյանը:

Ավելի վաղ նման հայտարարություն արել էր նաև «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը՝ կրկին պնդելով, որ որևէ պարագայում այս հարցում իշխանությանը իրենք չեն կարող աջակցել։

Հաջորդ հարցը, որ ընդդիմադիր պատգամավորները կրկին Սահմանադրության ընդունման հետ կապված փորձում էին պարզել իշխանական խմբակցության ներկայացուցչից, դա այն է, թե ինչ մեխանիզմներով է «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատկերացնում նոր Սահմանադրության ընդունումը։

«Հայտարարում եք, որ նոր Սահմանադրություն է Հայաստանը ունենալու՝ այն Սահմանադրությունը, որը, ինչպիսին Ադրբեջանն է պատկերացնում։ Ինձ հետաքրքիր է՝ մեխանիզմը կնկարագրե՞ք, ինչպե՞ս եք պատկերացնում։ Էստեղ չունեք անհրաժեշտ թվով ձայներ։ Հիմա երբ որ խոսում եք, եթե ունենայիք, պարզ է՝ պիտի բերեիք, քվեարկեիք, հանրաքվե լիներ, հիմա երբ որ մտածում եք, քննարկումներ եք իրականացնում ՔՊ-ում, ո՞նց եք պատկերացնում, ի՞նչ ընթացակարգով պիտի դա լինի, ո՞նց պիտի լինի», - հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը:

«Գոյություն ունի խորհրդարան և գոյություն ունի խորհրդարանական մշակույթ, և իրար հետ խորհրդակցելու, իրար հետ բանակցելու, իրար համոզելու առնվազն ակնկալիք», - արձագանքեց Արուսյակ Ջուլհակյանը:

Նոր Սահմանադրության ընդունման համար պահանջվում է, որ նախագիծը հաստատվի Ազգային ժողովում, հետո դրվի հանրաքվեի։ Սա նշանակում է, որ խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը պետք է նախագծին կողմ քվեարկի։ Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի բավարար թվով ձայներ, որպեսզի առանց ընդդիմության աջակցության այդ նախագիծը խորհրդարանում անցկացնի։

«Սահմանադրությունը մեկ ճանապարհ է նախատեսում նոր Սահմանադրության ընդունման, այն է՝ խորհրդարանի երկու երրորդը հաստատում է, և այնուհետև այդ նախագիծը դրվում է հանրաքվեի։ Դա, այսինքն՝ առաջին քայլ, երկրորդ քայլ, ոչ թե ժողովուրդը, պայմանական ինչ-որ մարդիկ ասում են՝ «եկեք նոր Սահմանադրություն ընդունենք», և հետո էդ հարցը գալիս է Ազգային ժողով», - ընդգծեց Աննա Գրիգորյանը:

Արուսյակ Ջուլհակյանը իր հիմնական ելույթում նշեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի առանցքային անելիքներից է լինելու առաջիկայում հենց նոր Սահմանադրության ընդունման հետ կապված քննարկումները։ Ինչպես նա տեղեկացրեց, տեքստը կհրապարակվի տարեվերջին, և հանձնաժողովը կսկսի նաև քննարկումներ Սահմանադրության նոր տեքստի շուրջ։

Մինչ այս հայտարարվել էր, որ մարտին պետք է տեքստը հրապարակվի, բայց թե ինչու ի վերջո այն չհրապարակվեց, շատ հստակ բացատրություններ չեն տրվել։

Խորհրդարանում իշխանության և ընդդիմության աշխատանքը այսօր էլ հարթ կանցներ, եթե կրկին չհնչեր Կաթողիկոսի ավազանի անունը, և չլիներ սրա արձագանքը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ ընդդիմադիր պատգամավորները սեղաններին էին հարվածում։

Երկրորդ օրն է, բայց խորհրդարանում դեռ քննարկվել է ընդամենը երկու թեկնածություն՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը, այսօր քննարկվում էր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի համար Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Քննարկումները վաղը կշարունակվեն, իսկ ընդհանուր առմամբ քվեարկությունը տեղի կունենա բոլոր հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներին քննարկելուց հետո՝ փակ-գաղտնի ձևաչափով։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG