Մատչելիության հղումներ

Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. Մայր Աթոռից դատապարտում են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. երեկ ուշ երեկոյան նա իր առանձնատնից տեսանյութ է հրապարակել՝ կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներից 8-ի հետ:

Հայտարարության տեքստում նորություն չկա՝ այն է, ինչ ավելի քան 7 ամիս բարձրաձայնում են Փաշինյանն ու թիմակիցները ամենատարբեր ամբիոններից. կաթողիկոսն ու իր շրջապատը հոգևոր կյանքը խաթարում են, այլասերված բարքեր են, եկեղեցին ներքաշել են քաղաքականության մեջ, օտար շահեր են սպասարկում: Նոր չէ նաև հակակաթողիկոսական թիմի ճանապարհային քարտեզը՝ վեհափառը հեռանում է, տեղապահ է ընտրվում, նոր կանոնադրություն, ապա կաթողիկոսի ընտրություն:

Նորությունն այս ամենում հայտարարության տակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան միացած եպիսկոպոսների ստորագրությունն է: Փաշինյանից հետո ընդարձակ սրահի միակ աթոռին մռայլ դեմքերով են մոտենում եպիսկոպոսները, ստորագրում ու շատ արագ բաժանվում աթոռից, հայտարարության տեքստից ու գրիչից: Զվարթ է թվում միայն վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի ստորագրության կողքին գրված է վարչապետ, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:

Որ որպես ջերմեռանդ հավատացյալ է ուզում եկեղեցին նորոգել, Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով էր պնդում՝ ի պատասխան այն հարցադրումների, որ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, ներեկեղեցական գործերի մեջ պետության ղեկավարը խառնվելու իրավունք չունի: Ի՞նչ է հետևելու այս ստորագրված հայտարարությանը՝ Փաշինյանն այսօր ու վաղը հոգևոր ծեսերի է մասնակցելու և նաև մարդկանց կանչում է ուխտերթի՝ մանրամասնելով Երևանի մայր եկեղեցու հասցեն:

Հիսուսի Սուրբ Ծնունդը նշանավորելը ուխտերթի միակ նպատակը չի լինի. ըստ Փաշինյանի՝ սրանով երթի մասնակիցները կաջակցեն եկեղեցու նորոգման օրակարգին. «Այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի ՀՀ, նրա անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ»:

«Երթը ես եմ գլխավորելու, շատ կարևոր է, հույս ունեմ՝ կգաք»,- ասել է վարչապետը, որ մի անգամ արդեն արտահայտել էր զարմանքը, թե ինչո՞ւ է հանրությունն անտարբեր կաթողիկոսին գահից իջեցնելու իր օրակարգի հանդեպ: Նա այժմ բազմամարդ երթի հույս ունի:

Վարչապետի ու իրեն միացած եպիսկոպոսների սրտորագրած հայտարարությանն անդրադարձել է Մայր Աթոռը. այստեղ էլ նորություն չկա. «Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի ոտնահարում են Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները»։

Էջմիածնից դատապարտում են հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայական դասի նկատմամբ ճնշումները, հիշեցնում, որ եկեղեցական կյանքին առնչվող հարցերը բացառապես եկեղեցում են քննարկվում:

«Տարակուսելի է, որ հիշյալ տասը եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրեց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից», - ասված է Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ։

Սուրբ ծննդի տոնին ընդառաջ Փաշինյանի հռչակած եկեղեցու նորոգման արդեն փաստաթղթավորվող գործընթացը ընդդիմադիր շրջանակներն են քննադատում՝ Սահմանադրության խախտում ու եկեղեցու քանդում են որակել: Կարծում են՝ Փաշինյանի հակակաթողիկոսական օրակարգը ժողովրդական աջակցություն չի ստանում, 10 եպիսկոպոսների ու մի քանի քահանաների թիվն անգամ չի ավելանում: Նույնիսկ ուժայիններին չի հաջողվում ստիպել քահանաներին շրջանցել կաթողիկոսի անունը. նա ոչ միայն տեղում է, այլև ամանորյա ուղերձում դարձյալ հասկացրեց՝ հեռանալու միտք չունի:

Այսօր երեկոյան ճրագալույցի Սուրբ պատարագներ են բոլոր եկեղեցիներում. Էջմիածնի Մայր Տաճարում է Ամենայն Հայոց կաթողիոկսը: Այստեղ հավաքվածներին օրհնելով՝ նա հասավ Խորանի մոտ:



Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի է մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի թիմակիցների հետ:

Ճրագալույցի Սուրբ պատարագի ընթացքում է հնչում ամենակարևոր լուրը՝ Քրիստոսը ծնվեց և հայտնվեց: Եկեղեցին նորոգել շտապող վարչապետը այս հարցում էլ էր շտապել ու այսօր բարի լուրի ավետիսը սոցցանցի իր էջում մի քիչ շուտ տարածեց, Սաղմոս էր՝ այս անգամ զրպարտողների պատիժը խորագրով:


XS
SM
MD
LG