ԵՄ արտաքին գործերի նախարարներն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր սեփական քաղաքացիներին, գնում է դեպի իր սեփական փլուզումը»,- գրել է Կալլասը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ այս որոշումից հետո հայտարարեց.- «Սա վաղուց պետք է արվեր»:
Միևնույն ժամանակ, դաշինքը նաև վիզային արգելքներ և ակտիվների սառեցում է ընդունել 21 պետական կառույցների և իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի և ԻՀՊԿ տարածաշրջանային հրամանատարների նկատմամբ՝ բռնաճնշումների պատճառով։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ծանր պայմանների, այդ թվում՝ արժույթի փլուզման պատճառով, սակայն վերածվեցին ռեժիմի դեմ ցույցերի, որոնց դիմադրեցին մահացու ուժով։ Ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 6 հազար մարդ: TIME հանդեսի հրապարակման համաձայն՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:
Իրանի իշխանություններն ընդունում են, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել են հազարավոր մարդիկ՝ նշելով ավելի քան 3000 մարդ, սակայն ընդգծում են, որ նրանց մեծամասնությունը անվտանգության ուժերի անդամներ կամ անցորդներ են, որոնք սպանվել են «անկարգությունների» մասնակիցների կողմից։
ԻՀՊԿ-ն Թեհրանի զինված ուժերի գաղափարախոսական թևն է և ստեղծվել է 1979 թվականի հեղափոխությունից կարճ ժամանակ անց հետո՝ հոգևորական ղեկավարությանը պաշտպանելու համար։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչվել ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Շվեդիայի կողմից։