Չնայած Սիրայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է քուրդ զինյալների հետ հրադադարի մասին, օրվա երկրորդ կեսին նախատեսված Հալեպ-Երևան ու հակառակ ուղղությամբ՝ Երևան- Հալեպ չվերթներն այսօր չեղարկվել են:
Թռիչքներն իրականացնող Fly Cham-ի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այսօր նախատեսված թռիչքները հետաձգվել են Հալեպում տիրող իրավիճակով պայմանավորված: Օդանավակայանը, ըստ նույն աղբյուրի, այսօր՝ մինչև կեսգիշեր, փակ է լինելու:
Եթե իրավիճակն ամբողջությամբ կարգավորվի, թռիչքները նախատեսում են իրականացնել հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 13-ին:
Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ գիշերվա 3-ից բանակի հայտարարած զինադադարը Հալեպի քրդաբնակ թաղամասերում պահպանվում է. «Այսօր հանդարտ է Հալեպում»:
Ըստ հաղորդագրության՝ զինյալ խմբավորումներին այդ շրջաններից դուրս գալու հնարավորություն կտրվի: Սիրիական բանակի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալների բախումները հայաշատ Շեյխ Թահա և Վիլլաներ թաղամասերին շատ մոտ էին:
«Հարակից շրջաններ են, մի քանի կիլոմետր հեռավորություն նույնիսկ չկա, դրա համար վտանգված է: Շենքերը վնասվել են, ապակիները կոտրվել են, բայց զոհեր և վիրավորներ, բարեբախտաբար, չունենք», - հավելեց Զարմիկ Պողիկյանը:
Շատ հայեր տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են գիշերել, «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրի տեղեկություններով՝ մոտ 50 ընտանիք. «Ցերեկն արդեն վերադարձան: Այնտեղ նրանց համար ամեն ինչ ապահովված էր՝ սնունդ և այլն, ազգային առաջնորդարանը ապահովել էր: Կային ընտանիքներ, որոնք շատ վտանգավոր շրջաններում էին, այնտեղ հաստատվեցին, առավոտյան վերադարձան իրենց տներ»:
Պողիկյանը բախումների պահին քրոջ տանն է ապաստանել, վերադառնալով տան ապակները կոտրված է գտել. «Ես էլ քրոջս տուն տեղափոխվեցի, որովհետև մեր տունը ևս վտանգավոր գծի վրա էր, վերադարձին ապակիներն արդեն ջարդված էին պայթյունների ճնշումներից»:
Հարցին, թե այս բախումների ընթացքում Հայաստան վերադառնալու տրամադրություններ կայի՞ն, Պողիկյանը պատասխանեց. «Ո՛չ, չկային, որովհետև հստակ էր, որ այս բախումները կարճ շրջան կտևեին, մինչև բանակցությունները սկսվեցին: Այդ իրարանցումը չկար, բայց անապահով վիճակը շատ վատ էր»:
Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումների հետևանքով 21 զոհի մասին է հայտարարվել, 140 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել փախչել իր տներից:
Օրվա երկրորդ կեսին Reuters-ը հաղորդեց, որ քրդական ուժերը հրաժարվել են զենքը վայր դնել՝ մերժելով Դամասկոսի տարհանման առաջարկը:
Իշխանությունը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքն ու ինտեգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը, սակայն, իրականություն չի դարձել՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։