Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Պակիստան, սակայն Իրանը բանակցելու որոշում դեռ չի կայացրել

Պակիստան - Իսլամաբադը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ - Իրան բանակցությունների երկրորդ փուլը, 18-ը ապրիլի, 2026թ.
Պակիստան - Իսլամաբադը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ - Իրան բանակցությունների երկրորդ փուլը, 18-ը ապրիլի, 2026թ.

Հորմուզի նեղուցում նոր լարվածության ֆոնին ամերիկյան պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցելու: Սակայն Իրանը բանակցություններին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, հայտարարել է արտգործնախարարության խոսնակը:

«Այս պահին, մենք բանակցությունների հաջորդ փուլի համար որևէ ծրագիր չունենք։ Այս առումով որևէ որոշում չի կայացվել., - ասել է Էսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ Թեհրանը հստակ ներկայացրել է իր պահանջները, որոնք չեն փոխվելու: Բաղային նաև դժգոհել է, թե ԱՄՆ-ն իր վարքագծով ապացուցում է, որ լուրջ չի մոտենում դիվանագիտությանը։ Իրանցի պաշտոնյան զգուշացրել է՝ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը և խախտում է հրադադարը:

Բաղային նաև ասել է, որ Իրանին չեն վախեցնում ոչ վերջնաժամկետները, ոչ էլ վերջնագրերը, երբ խոսքը վերաբերում է երկրի պետական շահերի պաշտպանությանը: Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իր հերթին, հայտարարել է, որ «պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում», և լարվածությունը պետք է թուլացվի դիվանագիտական բոլոր միջոցներով:

Al Jazeera-ն հայտնում է, որ Իսլամաբադում, այդուհանդերձ, սպասում են իրանական պատվիրակությանը և նախապատրաստական հսկայական աշխատանքներ են արվել. անվտանգության մոտ 20 հազար աշխատակից է տեղակայվել, քաղաքի մեծ մասն ամբողջությամբ փակ է:

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան զինուժն Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է առգրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը: Դոնալդ Թրամփն ասել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու բազմաթիվ զգուշացումները: TOUSKA անունով նավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է» հիմա, ասել է Թրամփը. - «TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի օգտին ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում, թե ինչ կա դրա վրա»:

Իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ի պատասխան՝ Իրանն անօդաչուներով հարվածել է Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի։ Գործակալությունը չի մանրամասնում, թե արդյոք վնաս է պատճառվել նավերին: ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել լուրը:

Իրանական նավի առգրավումից հետո նավթի համաշխարհային գները դարձյալ աճել են՝ հասնելով մոտ 95 դոլարի:

Չնայած տասնօրյա հրադադարին՝ իրավիճակն անկայուն է նաև Լիբանանում: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն մի շարք պայթյուններ է կազմակերպել՝ թիրախավորելով իսրայելական ռազմական ավտոշարասյունը:

Իսրայելական բանակն էլ հայտնել է, որ Լիբանանի հարավում գիշերը հարվածել են հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին:

«Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի գրծողության ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի ահաբեկչական շարունակական գործողությունների», - հայտարարել է Իսրայելի զինուժի խոսնակ Ավիչայ Ադրային:

Պատերազմի հետևանքով Լիբանանում 1 մլն մարդ է տեղահանվել: Հրադադարի հաստատումից ի վեր հազարավոր մարդիկ են վերադառնում իրենց տներ, այդ թվում՝ հարավային բնակավայրերում:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG