Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը X-ում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Հեռախոսազրույցը «ջերմ և կառուցողական» որակելով՝ Շարիֆը հայտնել է, որ Իրանի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։
«Ես գնահատում եմ Իրանի ներգրավվածությունը, այդ թվում՝ նրա բարձր մակարդակի պատվիրակության այցը Իսլամաբադ՝ պատմական բանակցություններին մասնակցելու համար, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած վերջին քննարկումները ֆիլդմարշալ Սաեդ Ասիմ Մունիրի հետ», - գրել է Պակիստանի վարչապետը։
Շարիֆը վստահեցրել է Փեզեշքիանին, որ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության և տարածաշրջանային կայունության միջնորդի իր դերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ ամերիկացի բանագնացներն այսօր ժամանելու են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ բանակցելու Իրանի հետ։
Իրանական լրատվամիջոցները, սակայն, հայտնում են, որ Թեհրանը պատվիրակություն չի գործուղի Իսլամաբադ, քանի դեռ ԱՄՆ-ն ծովային շրջափակման է ենթարկում Իրանը:
Ավելի վաղ Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանական խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց «դեռևս կան նաև տարաձայնություններ»։