Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն և պարարտանյութ է առաքվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել 279 տոննա ցորեն և 203 տոննա պարարտանյութ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը 7 վագոնից կազմված շարժակազմի մասին է։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել 25 հազար տոննա ցորեն,1600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:

Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

Արդեն երեկ Աղվերանում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ հանդիպմանը տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ:


XS
SM
MD
LG