Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութեր, այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ նոյեմբերից մինչև օրս շուրջ 26,000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով Հայաստան եկել.
«Հիմա, գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն»,- ասաց Փաշինյանը:
Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:
Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: