Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը կազդի TRIPP նախագծի վրա, Հանրային ռադիոյի հետ զրույցում հայտարարել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը՝ հավելելով, թե Վաշինգտոնում դեռ չեն կարող ասել՝ այդ ազդեցությունը դրական կլինի, թե՝ բացասական:
«[Ռուսական կառավարումը] կազդի, որովհետև ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա: Սա բավականին փոքր երկիր է, և տրանսպորտային ուղիներն այնքան էլ շատ չեն, բայց ես վստահ չեմ՝ այդ ազդեցությունը դրական կլինի, թե բացասական: Ռուսական կառավարումը գոյություն ունեցող գործոն է, բայց մեզնից կախված չէ, Հայաստանը ինքնիշխան երկիր է: Ռուսաստանն ունի իր բիզնես շահերը, մենք իրականացնում ենք TRIPP-ը՝ հենվելով Հայաստանի ինքնիշխանության վրա, մենք իրագործելու ենք մեր նախագիծը, և այն աներևակայելի հաջողված է լինելու: Կան տարբերակներ, երբ այդ ռուսական գործոնը կարող է լրացնել և ավելի հաջողված դարձնել մեր նախագիծը, և կան տարբերակներ, երբ մեր նախագիծը գոյություն կունենա ինքնուրույն՝ առանց որևէ կերպ ազդելու մեր աշխատանքի վրա», - նշել է Արյե Լայթսթոունը:
Պաշտոնական Մոսկվան քանիցս պնդել է, թե TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, և այս հարցում Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի: Երևանն ու Մոսկվան այժմ բանակցում են հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:
Մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում՝ TRIPP-ում
Շաբաթասկզբին Երևան այցելած ամերիկացի պաշտոնյան, որ համարվում է TRIPP-ի ճարտարապետներից մեկը, Սյունիքով անցնող ենթակառուցվածքային նախագիծը դիտարկում է ավելի մեծ՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի տեսանկյունից՝ որպես այլընտրանք ներկայումս գործող համաշխարհային առևտրի երթուղիների: Ըստ նրա՝ TRIPP-ում ներդրումները կարող են մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնել, հստակ թիվ, սակայն, նա չի նշել:
«Սյունիքում բուն 42.5 կիլոմետրանոց հատվածը կչափվի հարյուրավոր միլիոններով, բայց խողովակաշարերի և այս նոր՝ Միջին միջանցքով տեղափոխվող ապրանքների հայեցակարգը չափվելու է տասնյակ միլիարդներով, երկրների ստանալիք եկամուտը լինելու է դրանից անհամեմատ ավելի մեծ»:
Երկուշաբթի Հայաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարներն ազդարարեցին Սյունիքում TRIPP-ի հիմնարկեքի մասին: Հայտարարությանը զուգահեռ տեղում հողի հարթեցման աշխատանքներ էին ընթանում, բայց բուն շինարարության մեկնարկի մասին չի հայտարարվել, նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռ պատրաստ չէ: Պաշտոնական Երևանը հայտարարում է, թե շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի:
Վստահեցնելով, որ ԱՄՆ-ում նախագծին աջակցում են և հանրապետականները, և վերջին միջանկյալ ընտրություններում Կոնգրեսում մեծամասնություն ստացած դեմոկրատները, Լայթսթոունը պնդում է, թե TRIPP-ը շատ ավելին է, քան «կարող ենք պատկերացնել»:
«ԱՄՆ-ի ու Հայաստանի ղեկավարների խիզախ առաջնորդության շնորհիվ ունենք բոլորովին մի նոր միջանցք, և այն, ինչ հիմա անում ենք, բխում է մի պարզ իրողությունից, որ բացահայտվեց վերջին մեկուկես տարում: Երբ դու ունես ընդամենը մեկ խոցելի կետ, այն վաղ թե ուշ խափանվում է, մենք դա տեսնում ենք Հորմուզի նեղուցում, մի շարք այլ նեղուցներում: Մենք ցանկանում ենք ունենալ մարդկանց, ապրանքների, էներգիայի, տվյալների տեղափոխման հնարավորինս շատ ու բազմազան տարբերակներ: TRIPP-ը կսկսվի երկաթուղուց ու ավտոճանապարհից, բայց կընդայնվի՝ ներառելով գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր և թվային մալուխներ, որպեսզի ամբողջ Միջին միջանցքը դառնա կենսունակ և գուցե նույնիսկ գերազանցող մեխանիզմ բեռների ու ռեսուրսների տեղափոխման համար», - ասել է Լայթսթոունը:
Խողովակաշարը կարող է Հայաստանի այլ հատվածով անցնել
Լայթսթոունը նշել է, որ նախնական պայմանավորվածությամբ ոչ միայն երկաթուղին ու ավտոճանապարհը պետք է Սյունիքով անցնեին, այլ նաև խողովակաշարերը. - «Բայց ձեր վարչապետը դիմեց մեզ և ասաց՝ «դա այն տեղը չէ, որտեղով պետք է անցնի խողովովակաշարը, դա ամենատրամաբանական երթուղին չէ, առևտրային առումով ավելի քիչ շահավետ կլինի, կարո՞ղ ենք դիտարկել TRIPP-ի հայեցակարգը Հայաստանի այլ հատվածներում ընդլայնելու հնարավորույթյունը»: Եվ ես պատասխանեցի՝ «դուք մեր գործընկերն եք, մենք կդիտարկենք ցանկացած քայլ, որը լավագույնս կաշխատի այստեղ գործող բիզնեսի համար և թույլ կտա տարածաշրջանի երկրներին ավելի մեծ հաջողությունների հասնել»: Մեզ համար շատ հեշտ էր համաձայնության գալ ընդլայնման հարցում»:
Ինչ վերաբերում է TRIPP զարգացման ընկերությանը, որում Հայաստանն ունենալու 26, ԱՄՆ-ը 74 տոկոս մասնաբաժին, ապա ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դրա շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, այժմ պետք է հաստատվի ընկերության կանոնադրությունը: Փաստաթղթի ստորագրման ժամկետ Լայթսթոունը չի նշել՝ ասելով, որ դա կախված է իրավաբանների աշխատանքից և այն հանգամանքից, թե կողմերը երբ համաձայնության կգան ստորագրման արարողության ժամկետի շուրջ: