Էրդողանը և Ալիևը խոսել են Կովկասում խաղաղության, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լրացված
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

«Մենք ինչպես միասին ապրեցինք Ղարաբաղում Հաղթանակի ուրախությունը, նույն վճռականությամբ աշխատելու ենք հանուն Կովկասում խաղաղության և բարգավաճման», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային Կովկասյան կոնգրեսին հղած ուղերձում Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին Շուշիի հռչակագրի միջոցով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը բարձրացրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի. - «Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման նշանակությանը՝ հայտարարելով. - «Դա կամրապնդի տրանսպորտային ենթակառուցվածքը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, նոր հնարավորություններ կբացի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար»:

«Մեր ըմբռնմամբ՝ Կովկասը տարածաշրջան է, որտեղ իշխում է ամուր խաղաղությունը, հարևաններն առևտուր են անում իրար հետ, իսկ յուրաքանչյուր երկիր ստանում է ընդհանուր բարեկեցության իր բաժինը», - ընդգծել է Էրդողանը:

Իգդիրի համալսարանի կազմակերպած «Մետաքսի ճանապարհի վերածնունդը» խորագրով համաժողովին ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մասնավորապես հայտարարելով. - «Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը այդ տարածաշրջանը դարձրել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: Ներկայումս Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող Զանգեզուրի միջանցքը ոչ միայն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը, այլև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղղակի ցամաքային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի հնարավորությունների մեծացմանը, միջազգային առևտրական-լոգիստիկ կապերի զարգացմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հեռարձակված ուղերձներով ազդարարեցին Սյունիքում հայ-ամերիկյան TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին: 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի պայմանավորվածություններից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության և օրենքների պահպանմամբ։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն անընդունելի է իր համար, քանի որ այն կարող է ընկալվել որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ տարածքային պահանջ։ Չնայած դրան՝ թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի ղեկավար պաշտոնյաները պարբերաբար գործածում են այդ ձևակերպումը:





​
XS
SM
MD
LG