Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացնում է «կեղծ ուղիներ» օգտագործելուց

Մոհամմադ Մոխբեր, արխիվ
Մոհամմադ Մոխբեր, արխիվ

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է՝ Թեհրանը թույլ չի տա, որ տարածաշրջանային այլընտրանքային ուղիները շրջանցեն իր աշխարհքաղաքական շահերը, այդ համատեքստում անդրադառնալով նաև TRIPP նախագծին:

«Կեղծ ուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքները»՝ լինի դա Իրանի հարավում կամ հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցի հարավային ուղին կամ TRIPP-ը («Զանգեզուրի միջանցքը»), IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել է Մոխբերը X-ում արած գրառման մեջ:

Նա ընդգծել է, որ Իրանի աշխարհքաղաքական շահերը տարածաշրջանում կարմիր գիծ են, հավելելով, որ Թեհրանը թույլ չի տա դրանք շրջանցել, և հորդորելով այլոց դասեր քաղել Հորմուզի նեղուցից, փոխանցում է իրանական պետական լրատվական գործակալությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հեռարձակված ուղերձներով ազդարարեցին Սյունիքում հայ-ամերիկյան TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին:

Չնայած Իրանի աշխարհիկ իշխանությունների հայտարարություններին, թե TRIPP-ի հարցում «վստահում են հայ եղբայրներին», շաբաթներ առաջ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն էր կոշտ քննադատել Հայաստանի վարչապետին։ Իրանական Ettela'at թերթում հրապարակված հոդվածում Ալի Աքբար Վելայեթին Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Արևմուտքից կախվածությունն ավելացնելու մեջ, պնդելով, թե դա «բացում է թշնամանքի և լարվածության նոր գլուխ Հարավային Կովկասում»։

Դրանից օրեր անց Երևան այցելած Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրհոմադին, մինչդեռ, Վելայեթիի քննադատության վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան մասնավորապես ասաց. - «Հայաստանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ համար վստահելի են, և մենք իրենց հետ կապի մեջ ենք»։


​
XS
SM
MD
LG