Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մինչև 12 մլրդ եվրո ներդրում կներգրավի Միջին միջանցքի զարգացման գործում. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, Բրյուսել, 16-ը սեպտեմբերի, 2026թ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, Բրյուսել, 16-ը սեպտեմբերի, 2026թ

Եվրամիությունը ծրագրում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման գործում, որը պետք է ուղղակիորեն կապի Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ այսօր ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Դա լինելու է նոր միջազգային նախագիծ փոխկապակցվածության ոլորտում: Այն ուղղակիորեն կապելու է Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկային: Մենք այն անվանում ենք Միջին միջանցք», - ասել է ֆոն դեր Լայենը Միությանը հղած իր տարեկան ուղերձում՝ հավելելով, որ նախագծում պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով Եվրամիությունը գործարկելու է Global Gateway նախաձեռնությունը:

«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և էականորեն կրճատել տարանցման ժամկետները մինչև 2030 թվականը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Միջին միջանցքը հայտնի է նաև որպես «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի», այն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և անցնում է նաև Կասպից ծովով ու Հարավային Կովկասով: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանն ու անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով: Սակայն Միջին միջանցքի համատեքստում հաճախ հիշատակվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագիծը: Եթե Հայաստանի ապաշրջափակում տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերակ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:

Բացի Միջին միջանցքից՝ գոյություն ունեն նույնպես գլոբալ բեռնափոխադրման նաև Հյուսիսային և Հարավային միջանցքներ, որոնցից մեկը Ռուսաստանից է կախված, իսկ մյուսը՝ Իրանից: Երկու երկրների հետ էլ արևմտյան երկրներն ունեն խնդիրներ, հատկապես՝ 2022-ից հետո, ու Միջին միջանցքի դերը բեռնափոխադրման շղթայում մեծանում է:

Հենց երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը», ինչպես Բաքուն հաճախ անվանում է TRIPP-ը, առանձնահատուկ նշանակություն ունի որպես Միջին միջանցքի նոր երթուղի:

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիր վավերացման փուլում է: Սահմանադրական դատարանն արդեն որոշեց, որ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այժմ փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG