«Պատմական իրադարձություն». մեկնարկում է TRIPP-ի գործնական փուլը

Լրացված

Մեկնարկում է հայ-ամերիկյան TRIPP նախագծի գործնական փուլը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով պատմական իրադարձություն Հայաստանի նորագույն պատմության մեջ:

«Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրվա աննախադեպ իրողությունների հաստատման համար», - հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ TRIPP-ը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ, տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա:

«TRIPP-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային ու միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով տրանսկասպյան երթուղուն և արևմուտք-արևելք կապակցվածությանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն բացի խաղաղությանից բացառիկ նշանակություն թ ունենալու ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում:

«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը», - ասաց Հայաստանի վարչապետը։

Շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին «այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ինձ Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրելու համար»:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը», - ընդգծեց Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը վարչապետ Փաշինյանին հրավիրեց հաջորդ տարի՝ Վաշինգտոն այցի շրջանակում, այցելել Սպիտակ տուն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։

«Միասին կարող ենք խոսել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունն ու զարկ տանք մեր երկկողմ կապերին: Չկա ավելի մեծ նպատակ քան խաղաղությունը, և ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ», - ընդգծեց Դոնալդ Թրամփը:

Արտապատկերում Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումից
Արտապատկերում Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումից

Այս պահին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որտեղով անցնում է TRIPP-ը, իրականացվում է ծրագրի նախապատրաստական աշխատանք:

Այսօր ավելի վաղ էլ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել էր խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին, ընդգծել դրա կարևորությունը:

Արարատ Միրզոյանն ու Արյե Լայթսթոունը գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան։

TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

TRIPP-ի վերաբերյալ հայ - ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը Հայաաստանի խորհրդարանում վավերացվեց վերջերս: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ենթակառուցվածքային նախագիծը շահավետ կլինի ու նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

​
XS
SM
MD
LG