Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար

Լրացված

Ավարտվել են երկաթուղիների շուրջ հայ-ռուսական աշխատանքային խմբի բանակցությունները: Կողմերը քննարկել են ռուսական կոնցեսիյայի արդյունավետությունը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը:

«Բանակցությունները անցան շատ ընկերական, բավականին նորմալ, երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների, հատվածների մասին», - ասաց Իվանյանը:

«Ազատության» հարցին՝ ռուսական կողմը հիմնավորո՞ւմ է, որ կոնցեսիան արդյունավետ է, Իվանյանը պատասխանեց. «Դեռ չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին»:

Նա հայտնեց, որ հանդիպմանն, այդ թվում՝ անդրադարձել են նաև երկաթուղու 2 հատվածները վերականգնելու հարցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ սա առաջին հանդիպումն է և շատ տեխնիկական մանրամասների դեռ կանդրադառնան. «Բայց շատ նորմալ, տեղը-տեղին քննարկում է»:

Մոսկվան դեռ հոկտեմբերի սկզբին էր հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Իվանյանը հայտնեց, որ եռամսյա ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված եզրահանգումների հիման վրա կորոշվեն հետագա անելիքները։

Հայ- ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել էր հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։ Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ այս աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացնի՝ հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:

Երևանը տարեսկզբից առաջարկում էր, որ հայկական երկաթուղիների կառավարումը Մոսկվան փոխանցի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմը մերժում էր՝ զգուշացնելով, որ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած մոտ 400 միլիոն դոլարի ներդրումները:

Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038 թվականին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը:

​
XS
SM
MD
LG