Մինչ տնտեսագետները հաշվարկներ են անում, թե ինչ խնդիրների կբախվի Հայաստանը, եթե Մոսկվան որոշի թանկացնել գազը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար բնական գազի շուկայական սակագին սահմանելու՝ Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքների թեման «Կիկոսի մահի» հետ է համեմատում. գնի խնդիր լինի, կկառավարեն, չի լինի՝ չեն կառավարի:
«Ես առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել Կիկոսի մահով», - հայտարարեց վարչապետը այսօր ճեպազրույցի ժամանակ:
«Այսինքն հիմա արդեն ապոկալիպսիսներ՝ գնացինք մարդի, ունեցանք որդի, վեր ելանք ծառին, վայր ընկանք քարին, և, ի վերջո, վայ, Կիկոս ջան, վայ, բալա ջան: Նկատի ունեմ՝ անընդհատ Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշխատակարգը և գործելաոճը չի», - ընդգծեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն անում է մի շրջանում, երբ ռուս պաշտոնյաներն ուղիղ ասում են՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, չի կարող արտոնյալ պայմաններով էժան գազ ներկրել: Ուղիղ երկու օր առաջ էլ Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց՝ իրենք քննարկել են այդ սցենարը, որը ո՛չ ավելի, ո՛չ պակաս, տնտեսական անկման ռիսկերի կարող է հանգեցնել:
«Կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է գնաճի ընդհանուր մակարդակի բարձրացմանը [....] գազի գինը [....], ու, բնականաբար, իր հետ կարող է բերել որոշակի Բ տիպի ռիսկ մեր տնտեսության անկման հետ կապված: Ուստի մենք էդ սցենարը մտքում ունեցել ենք, պահել ենք էդ, բայց մեր տեսանկյունից՝ ինքը X տիպի սցենար է, ինքը ո՛չ Ա է, ո՛չ Բ է, ինքը ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին ու ոչ էս բնականոնի մեջ: Դրա համար, էս պահի դրությամբ մենք շարժվում ենք [....] մեր բնականոն ընթացքով, բայց մտքում ունենալով էդ հնարավոր պրոբլեմների առկայությունը», - հայտարարեց Մարտին Գալստյանը:
Երեկ Նիկոլ Փաշինյանի կաբինետից Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Հայաստանը բնական գազի մատակարարման այլընտրանքներ է փնտրելու՝ չբացառելով նաև Ադրբեջանից ներկրումը. - «Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից՝ Ռուսաստանը մեզ գազ տա՝ Ռուսաստանից գազ առնենք, Ադրբեջանը տա՝ Ադրբեջանից առնենք, Իրանը տա՝ Իրանից առնենք, եթե Թուրքիան ինչ-որ տեղից գազի հնարավորություն ունենա, իրենից էլ առնենք միևնույն ժամանակ»:
Երեք հնարավոր մատակարար երկրներ
Տնտեսագետները երեք հնարավոր մատակարար երկրներ են առանձնացնում. ուղիղ մատակարարումներ Ադրբեջանից ու Իրանից, սվոփ տարբերակով ներկրում՝ Թուրքմենստանից, երբ բնական գազի մեծ պաշար ունեցող այդ երկրից X ծավալի վառելիքը Հայաստանի վճարի դիմաց մտնում է Իրան, հարևան երկիրը սպառում է այն ու նույն ծավալով Հայաստան առաքում իրենց բնական գազը: Բաքվի, Թեհրանի ու Աշխաբադի հետ առարկայական բանակցություններ ընթանո՞ւմ են, կա՞ն արդյունքներ, «Ազատության» հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Ընդհանրապես, միջազգային հարաբերությունների մեր պատկերացումը էն է, որ երբեք ոչ մի տեղ, որևէ բանում բանակցությունները պետք է չընդհատվեն: Ամեն ինչի շուրջ, բոլոր հնարավոր տեղերում կան բանակցություններ»:
Հայաստանը ռուսական բնական գազի 1000 խորանարդ մետրի համար սահմանին 175 դոլար է վճարում, կախված վառելիքի կալորիականությունից այն կարող է տատանվել: Ներկրման ծավալներն ամեն տարի գերազանցում են 2.2 միլիարդ խորանարդ մետրը, 2025-ին և 2024-ին Հայաստանը շուրջ 400 միլիոն դոլար է վճարել Ռուսաստանին:
ACSES վերլուծական կենտրոնի տնտեսագետները երկու ամիս առաջ հաշվել են՝ եթե Ռուսաստանը թանկացնի գազը, Հայաստանի տարեկան վճարումները կարող են ավելանալ շուրջ 400 միլիոն դոլարով, այս ուսումնասիրությունից հետո եվրոպական երկրների համար ռուսական գազն է՛լ ավելի է թանկացել, այսինքն՝ թանկացման չափը կարող է ներկայիս գնից ավելի քան երկու անգամ մեծ լինել:
Իրան-Հայաստան գազատարը ռուսական կողմն է տնօրինում
Թերևս ամենաակնհայտ այլընտրանքը Իրանից ներկրվող գազի ծավալների ընդլայնումն է. Հայաստանն անցած տարի հարևան երկրից 476 միլիոն խորանարդ մետր գազ է ներկրել՝ ընդհանուրի շուրջ 18 տոկոսը, ըստ մասնագետների՝ եթե համակարգն արդիականացնեն, հնարավոր կլինի Իրանից գրեթե այնքան գազ ներկրել, որքան այժմ Ռուսաստանից: Անհրաժեշտ է գնի շուրջ պայմանավորվել, Իրանից Հայաստան մտնող գազատարը, սակայն, ռուսական կողմն է տնօրինում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, ուստի միայն այլ երկրից ներկրելը բավարար չէ, միևնույն է՝ ենթակառուցվածքը ռուսական կողմն է կառավարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց «Ազատության» հարցը՝ ենթակառուցվածքները պետականացնելու հարցը քննարկո՞ւմ են:
Ըստ փորձագետների՝ տեխնիկապես ավելի հեշտ կարող է լինել Ադրբեջանից գազի ներկրումը, օրինակ՝ Վրաստանում գազատարների անհրաժեշտ միացումներն անելով: Թեև Երևանը բարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, թե Ադրբեջանից գազ գնելը չեն բացառում, սակայն մինչ օրս որևէ հանրային քննարկում չի եղել, թե, օրինակ, ինչ գնով: 2025-ին ադրբեջանական գազի միջին գինը 1000 խորանարդ մետրի համար 289 դոլար է կազմել:
Գազի մեծ պաշարներ ունեցող Թուրքմենստանի հետ գործարքն էլ կարելի է դիտարկել. 2025-ին վարչապետի խորհրդականը հայտարարեց, թե Աշխաբադի հետ բանակցություններ են ընթանում՝ Իրանի տարածքով գազ ներկրելու համար: Արտաշես Թումանյանը նույնիսկ հնարավոր ծավալի մասին էր հայտարարել՝ տարեկան 600 միլիոնից 1 միլիարդ խորանարդ մետր գազ, այսինքն՝ Հայաստանում սպառվող գազի մոտ 20-ից 40 տոկոսը: Վարչապետի խորհրդականը նաև տեղեկացրել էր, որ Թեհրանն արդեն համաձայնել է Երևանի մտադրությանը, սակայն այս բանակցությունների հետագա ընթացքի մասին այլ հայտարարություններ չեն արել:
2025-ին Թուրքմենստանն Ադրբեջանին Իրանի տարածքով սվոփ եղանակով 1000 խորանարդ մետր գազը վաճառել է 152.4 դոլարով:
Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, որոնք ռուս - ուկրաինական պատերազմից առաջ ռուսական գազից կախվածություն ունեին, այս տարիների ընթացքում կարողացել են երեք անգամ նվազեցնել Ռուսաստանից գազի մատակարարումները: