Մատչելիության հղումներ

Անկախ գնից, Հայաստանը շարունակելու է գազի մատակարարման դիվերսիֆիկացման քաղաքականությունը. Փաշինյան

Հայաստանը, անկախ գազի գնի հնարավոր փոփոխությունից, շարունակելու է գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից։ Թանկանա, չթանկանա, ինչ էլ լինի՝ մենք դիվերսիֆիկացնելու ենք։ Եթե լինելու է հնարավորություն երկրորդ տեղից բերել գազ, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերել, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, որով մենք այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ։ Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր հնարավոր սցենարների դեպքում», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով գազի հնարավոր թանկացման դեպքում քաղաքացիների վրա լրացուցիչ բեռի ազդեցության մասին հարցին։

Վարչապետն ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, «Հայաստանում գազն էժան չէ, սահմանից մինչև սպառող հանսելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ աճն է տեղի ունենում»:

«Ադպիսի ոլորտ չկա, որ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի: մեր քաղաքական որոշումն այն է, որ մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Մնացածը ընթացիկ հարցեր են, և կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ», - ասաց վարչապետը։

Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը՝ Փաշինյանն ընդգծեց նաև. «Եթե նման իրավիճակներ լինեն՝ թանկացնելու, մենք էլ կնայենք, թե ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա անվճար է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա։ Այնպես որ նորմալ ենք վերաբերվում, հանգիստ աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել»



XS
SM
MD
LG