Կենտրոնական բանկը, թանկացումների նոր ալիքի վտանգ տեսնելով, որոշել է 0.25 տոկոսով բարձրացնել 9 ամիս անփոփոխոխ մնացած վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն այժմ 6.75 տոկոս է:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասում է՝ իրենք այսպիսով ֆինանսական շուկային իրենց մտահոգությունների վերաբերյալ ազդակ են փոխանցում. -
«Մենք բարձրացնում ենք, թանկացնում ենք փողի գինը, ու մարդիկ մտածում են սպառելու փոխարեն խնայել: Երբ որ դու քիչ ես սպառում, ապրանքների գները վերադառնում են ավելի ցածր մակարդակի»:
Կենտրոնական բանկը թանկացումների նոր ալիքի վտանգը պայմանավորում է Հայաստանի տնտեսության ներսում ավելացած պահանջարկի հետ, մասնավորապես, Ռուսաստանից դեպի Հայաստան քաղաքացիների նոր հոսքի հետ: Թե վերջին մեկ-երկու ամսում Ռուսաստանից քանի՞ մարդ է Հայաստան ժամանել ու այստեղ ժամանակավորապես հաստատվել, առայժմ վիճակագրություն չկա, սակայն տնտեսական ցուցանիշները փաստում են՝ համատարած գնաճ կա՝ անշարժ գույքի շուկայից մինչ հանգստի կազմակերպման ծառայություններ:
«Այժմ մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ թե ներքին պահանջարկը, թե արտաքին պահանջարկը, որը պայմանավորված է Հայաստան ժամանողների նոր ալիքով, հանգեցրել է մի իրավիճակի, որ օրինակ, էնպիսի գներ, որոնք չպիտի էականորեն փոխվեն, էդ գները նորից սկսել են արագացման տենդենցներ ցույց տալ», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Գալստյանը:
Օգոստոսի տվյալները ներկայացնող ամենաթարմ պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում առողջապահական ծառայությունները մեկ տարում թանկացել են 3.5 տոկոսով, տաքսի ծառայությունը՝ 7.6 տոկոսով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունները 18.1 տոկոսով: Մեկ տարում կրթությունը Հայաստանում թանկացել է 8.3 տոկոսով, ռեստորաններն ու հյուրանոցները՝ 5, անձնական խնամքի ծառայությունները 4.4 տոկոսով: Երևանում 2025-ի հուլիսից մինչ 2026-ի հուլիս բնակարանների մեկ քառակուսի մետրը թանկացել է միջինը գրեթե 17 տոկոսով: Ընդհանուր 12-ամսյա գնաճը օգոստոսին 4.4 տոկոս է կազմել:
«Հայաստանում կա գրեթե բոլոր ակտիվների գների աճ, սկսած անշարժ գույքի գներից՝ մինչև 20 տոկոս և այլն, բոլոր ակտիվների գներն աճում են Հայաստանում, Հայաստանում բում է մի տեսակ, որ նայում եք՝ վիզուալ և թվային՝ զգում եք, որ մեր պահանջարկն ավելի շատ է, քան մեր պոտենցիալ ՀՆԱ-ն», - ասում է Կենտրոնական բանկի նախագահը:
Ինչպես կարձագանքեն առևտրային բանկերը՝ կբարձացնե՞ն վարկերի տոկոսադրույքները, թե ոչ: Մարտին Գալստյանն ընդգծում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությանը բանկերը միանգամից չեն արձագանքում: