Մոսկվան չի բացառում Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ խաղաղության շուրջ եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումը, հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ արձագանքելով Կիևից երեկ հնչած հայտարարություններին: Դմիտրի Պեսկովը, սակայն, նշել է, որ դեռ չի կարող ասել, թե երբ և որտեղ կարող են տեղի ունենալ նման բանակցություններ։
«Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափի վերականգնմանը, [...] մենք նույնպես չենք բացառում այս ձևաչափի վերականգնումը, բայց այս փուլում վաղաժամ է խոսել հանդիպման վայրի և ճշգրիտ ժամկետների մասին», - ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները երեկ Կիևում Վլադիմիր Զելենսկիի հետ մի քանի ժամ բանակցելուց հետո էին հայտարարել այս ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին: Ջարեդ Քուշները նաև հույս էր հայտնել, որ շուտով առաջընթաց կգրանցեն այս հարցում:
«Սթիվի հետ մենք կարծում ենք, որ արդյունավետ կլինի վերադառնալ եռակողմ ձևաչափին, ինչը արեցինք մոտ վեց ամիս առաջ։ Մենք խոսել ենք երկու կողմերի հետ, և հուսով եմ՝ շուտով առաջընթաց կգրանցենք այս հարցում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահի փեսան։
«Լավ» բանակցություններ
Սթիվ Ուիթքոֆն էլ ասել է, որ «լավ» է գնահատում Մոսկվայում և Կիևում կայացած խաղաղության բանակցությունները: ԱՄՆ-ն հույս ունի դիվանագիտական լուծում գտնել՝ վերջ դնելու արդեն հինգերորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:
«Մենք ձգտում ենք այս հակամարտության դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական լուծման։ Հենց դրան է նախագահ Թրամփը միշտ ձգտում: Ահա թե ինչու ենք Ջարեդը և ես այստեղ», - ասել է Ուիթքոֆը։
Եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին խոսել էր նաև Ուկրաինայի նախագահը: «Տեսնենք, թե ինչին կհամաձայնի Ռուսաստանը»,- ասել էր Զելենսկին: Նա նաև «բովանդակալից» էր որակել երեկվա բանակցությունները, որոնց մասնակցել են նաև եվրոպական երկրների ներկայացուցիչները:
Երաշխիքներ Կիևին
Զելենսկին նաև հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Կիևին անվտանգության ու տնտեսական երաշխիքներ և ռազմական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր: Թե կոնկրետ ինչ են խոստացել ամերիկացի պաշտոնյաները, նա չէր նշել: Միայն ասել էր, որ հաշվի առնելով առաջիկայում սպասվող ձմեռը, Ուկրաինան աջակցության կարիք կունենա թե՛ օդային պաշտպանության, թե՛ էներգետիկ ոլորտներում:
«Եթե պատերազմը շարունակվի մինչև ձմեռ, իսկ դա, թերևս, այդպես էլ կլինի, մենք իսկապես հույս ունենք աջակցության ձմեռային փաթեթ ստանալ, որն այսօր մանրամասն քննարկեցի Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և մեր եվրոպացի գործընկերների հետ», - Կիևում բանակցություններից հետո ասել է Ուկրաինայի նախագահը։
Կիևն ու Վաշինգտոնը նաև համաձայնել են կրկին հանդիպել առաջիկայում, թեև հանդիպման վայրը դեռ որոշված չէ, նշել է Զելենսկին:
Ի՞նչ է քննարկվել Մոսկվայում
Կիևից առաջ ամերիկացի բանագնացները եղել էին Մոսկվայում, որտեղ ավելի քան երեք ժամ բանակցել էին նախագահ Վլադիմիր Պուտի հետ, որն օգտակար էր համարել այս շփումները: Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին»։
Թրամփի բանագնաց Ջարեդ Քուշներն ասել է, որ Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են բազմաթիվ գաղափարներ, որոնք մինչ այժմ չէին ստացվել: Ըստ նրա՝ փորձել են հասկանալ, թե ինչ տարրեր են անհրաժեշտ երկարատև խաղաղության համար, և ինչ կարող են Ռուսաստանը, Ուկրաինան և աշխարհը շահել դրանից: «Դա շատ լավ երկխոսություն էր: Մենք շատ հարցեր տվեցինք, նա շատ հարցեր տվեց։ Կարծում եմ՝ շատ, շատ կարևոր է հիմա քննարկել այս հարցերը», - նշել է նա:
«Խնդիրը Մոսկվայում է»
Չնայած Վաշինգտոնի գործադրած դիվանագիտական ջանքերը նշանակալի են, սակայն Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանը զգուշացնում է, որ չպետք է դա շփոթել առաջընթացի հետ: Ուիլյամ Թեյլորն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Կրեմլից դեռ ոչինչ չի լսել, որը կենթադրեր, թե Պուտինը հրաժարվել է իր առավելապաշտական պահանջներից։ Ըստ նրա՝ դիվանագիտության իրական խնդիրը ոչ Կիևն է, ոչ էլ Վաշինգտոնը։ «Դիվանագիտության իրական խնդիրը Մոսկվան է», - ասել է ամերիկացի դիվանագետը: