Կիև այցելած ԱՄՆ բանագնացները սպասում են խաղաղության բանակցություններում առաջընթացի, որոնք ուղղված են Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն, հայտնել է ԱՄՆ բանագնաց Ջարեդ Քուշները:
«Հուսով եմ՝ այս այցի արդյունքում խաղաղության հասնելու առաջընթացը խթանելու նոր ուղիներ կգտնենք։ Կարծում եմ՝ այս այցից շատ բան ենք սովորել»,- ասել է նախագահ Թրամփի փեսան:
Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ մյուս բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ այսօր Կիևում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի և նրա թիմի հետ Ռուսաստանի դեմ պատերազմին վերջ դնելու շուրջ անցկացրած բանակցությունները «բովանդակալից» են եղել և կշարունակվեն։
«Մենք շատ բովանդակալից, էական և կարևոր քննարկում ենք ունեցել, և մենք շատ ոգևորված ենք։ Մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասել է Ուիթքոֆը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Լեհաստանից գնացքով ժամանել են Կիև՝ բանակցություններ անցկացնելու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նպատակ ունենալով վերջ դնել հակամարտությանը, որն արդեն հինգերորդ տարին է շարունակվում։
Ուիթքոֆն ու Քուշները մի քանի անգամ այցելել էին Մոսկվա, սակայն մինչ այժմ բանակցություններ չէին անցկացրել Կիևում, որը 2022 թվականից ի վեր ենթարկվում է Ռուսաստանի կողմից իրականացվող մահացու հարվածների։