Մատչելիության հղումներ

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից

Բաքվում գերեվարված Դավիթ Բաբայանի ընտանիքը News.am-ին է փոխանցել ձայնագրություն, որտեղ ադրբեջանական բանտից Բաբյանը կրկին ահազանգել է իրենց իրավունքների ոտնահարման մասին: Նաև նշել է, որ Բաքվում բանտարկված գերիները առողջական խնդիրներ ունեն:

Արցախի նախկին արտգործնախարարը պատմել է, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը, որով Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Վերաքննիչի նիստը նա որակում է «թատրոն, նախապես գրված սցենար»:

Առաջին ատյանի որոշումը հայ գերիները բողոքարկում են, որ հետո կարողանան դիմել միջազգային ատյաններ: Միայն Ռուբեն Վարդանյանն է հրաժարվել դիմել ու, չնայած դրան, հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն արդեն Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ:

«Այս հերթական ֆորմալ փուլը միջազգային դատարան դիմելու նպատակով է: Իմ գործով ավելացրել են ևս երկու ցմահ հոդվածներ, որ ամբողջ դատավարության ժամանակ չի հիշատակվել: Դա տեսա դատավարությունն ավարտելուց հետո, կրճատ գրություն էր, սա անթույլատրելի է: Այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ գործը չեն ուզում հասնի միջագզային դատարան, քանի որ մեղադրանքների 90 տոկոսը շինծու է և որևէ ապացույց չկա»,- ասվում է Բաբայանի ձայանգրությունում:

Բաբայանն իր գործով է փաստում, որ գործերը շինծու են, հորինված.- «Մասնավորապես ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, որ ես ուզում էի այս երկրում տապալել իշխանությունը, Սահմանադրությունն ու զավթել այս երկրում իշխանությունը: Կա՞ արդյոք փաստ, որ ես այստեղ լինելով՝ մասնակցել եմ իշխանության համար պայքարի: Եթե այդպես է, ես պիտի այստեղ ունենայի համախոհներ, բայց որեւէ պատասխան չեն տալիս: Ոչ հետաքննության, ոչ էլ առաջին ատյանի դատավարության ընթացքում հարց չեն տվել ինձ: Այս պարագայում ինձ ցմահ են ուզում տալ»,- ասվում է ադրբեջանական բանտից ուղարկված ձայնագրությունում:

Ավելի վաղ ընտանիքների հետ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազրույցներում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներից ևս մի քանիսը՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը դարձյալ բարձրաձայնել էին ադրբեջանական դատարանում իրենց իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Այս տարեսկզբին 16 հայերը (մյուս 3-ի դատավճռիռներն ավելի վաղ էին եղել) դատապարտվել էին 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման՝ ռազմական ծանր հանցագործությունների մեղադրանքներով: Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարությունն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:


XS
SM
MD
LG