Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը մերժել է Արցախի ղեկավարների բողոքը

Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ կայացված որոշման համաձայն՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի վճիռը, բողոքարկումների մասով, մնում է անփոփոխ», - հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հունիսին բանտից ձայնային ուղերձով հայտնել էր, որ բողոքարկումը ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան:


XS
SM
MD
LG